1229 դիտում
15:36 21-09-2019
Հայաստանը հենվում է ինքնիշխանության, համահայկականության և փոխգործակցության սկզբունքների վրա. ՀՀ ԱԳՆ
Հայ ժողովուրդը հաղթեց իր ազգային ազատագրական պայքարը, ի լուր աշխարհի հռչակեց Հայաստանի անկախ պետականության վերականգնման մասին, և այսօր Հայաստանը միջազգային հանրության կարևոր անդամ է՝ վարելով տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված հավասարակշռված քաղաքականություն:
Այս մասին ասված է Անկախության օրվա առթիով ՀՀ ԱԳՆ ուղերձում:
«Անկախ պետականություն ունենալու ձգտումը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի տարբեր սերունդների մեծագույն նպատակը: Մեր նախահայրերը իրենց դարավոր պայքարով մշտապես վառ են պահել ազատ և անկախ ապրելու վեհ գաղափարները մեր հավաքական ինքնագիտակցության մեջ: Հենվելով ազգային և համամարդկային արժեքների լավագույն համադրման վրա, ցուցաբերելով անկոտրում կամք և հանդես գալով որպես իրապես միասնական ուժ՝ հայ ժողովուրդը հաղթեց իր ազգային-ազատագրական պայքարը և ի լուր աշխարհի հռչակեց Հայաստանի անկախ պետականության վերականգնման մասին»,-ասված է ուղերձում:
Դրանում նշված է՝ այսօր Հայաստանը միջազգային հանրության կարևոր անդամ է՝ վարելով տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված հավասարակշռված քաղաքականություն և ակտիվորեն ներգրավելով աշխարհն ավելի անվտանգ և բարեկեցիկ դարձնելուն ուղղված միջազգային ջանքերում: Հայաստանը հենվում է ինքնիշխանության, համահայկականության և փոխգործակցության սկզբունքների վրա: Մենք գիտակցում ենք, որ ամեն օր ու ժամ մենք պարտավոր ենք առավելագույնն անել Հայաստանի և Արցախի անվտանգության և զարգացման համար բարենպաստ արտաքին քաղաքական միջավայր ստեղծելու նպատակով:
«Նախորդ տարի մենք ևս մեկ կարևոր պատմական նշանակության հաղթանակ տարանք, այս անգամ արդեն հանուն ժողովրդավարության և օրենքի գերակայության համար մղված մեր պայքարում: Հայ ժողովուրդը այս պայքարում ևս հենվում էր միասնականության և ազատատենչության գաղափարների վրա: Այսօր արդեն մենք պետք է առավելագույնը քաղենք Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման և մեր ներքին աննախադեպ համախմբվածության ընձեռած հնարավորություններից»,-նշված է ուղերձում:
Շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ՝ ԱԳՆ-ից նկատել են՝ նախևառաջ հարգանքի տուրքը պետք է մատուցենք անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին, արժևորենք անկախության խորհուրդը, այն է համախմբվածությունն ու հայրենասիրությունը: «Գիտակցենք, որ անկախ պետականությունը մի ժառանգություն է, որը պետք է շարունակել ամրապնդել և զարգացնել, որի համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները առկա են մեզ մոտ. դա մեզանից յուրաքանչյուրն է, ամեն մի հայ, ով մշտապես վառ է պահում անկախ և հզոր հայրենիք ունենալու գաղափարը՝ անկախ բնակության վայրից»,-ասված է ուղերձում:
Նմանատիպ նյութեր
1691 դիտում
21:32 28-01-2015
Բանակի հզորության վրա են հենվում պետական քաղաքականություն իրականացնող այրերը. Սյունիքի մարզպետ
1035 դիտում
10:25 01-09-2020
Գիտելիքը կարող է օգնել, բայց և՝ վնասել, եթե չի հենվում մարդկային արժեքների և բարոյականության վրա․ Արմեն Սարգսյան
Այս բաժնից
1222 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4693 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած