211652_close_icon
views-count1437 դիտում article-date 21:37 19-09-2019

ՀՀ ԱԳ նախարարը դասախոսությամբ հանդես է եկել Լատվիայի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ԱԳ նախարար Մնացականյանը սեպտեմբերի 18-ին այցելեց Լատվիայի համալսարան, որտեղ դասախոսությամբ հանդես եկավ միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների համար: Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Զոհրաբ Մնացականյանն անդրադարձ կատարեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ներկայացնելով վերջինիս բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։ Անդրադառնալով հայ և լատվիացի ժողովուրդների ընդհանուր արժեքներին և սկզբունքներին՝ նախարար Մնացականյանը նշեց. «Աշխարհի քարտեզի վրա մենք մեծ տեղ չենք զբաղեցնում, բայց գիտակցում ենք ինքնիշխանության արժեքը: Ինչպես նշեցի, ես աշխատել եմ ՄԱԿ-ում՝ մի կառույցում, որի հիմքում ընկած է մեկ պետություն մեկ ձայն սկզբունքը: Ինքնիշխանությունը շատ կարևոր գործիք է՝ պաշտպանելու, պահպանելու, զարգացնելու մեր ազգերին, մեր ժողովուրդներին և մեր ինքնությունը: Այսպես է այն ընկալվում Հայաստանում: Ես ներկայացնում եմ մի պետություն, որը շատ վստահ է իր ինքնության հարցում: Դուք կարող եք գտնել մեր մասին հիշատակումներ Հին Հռոմի քարտեզներում, ինչպես նաև շատ այլ պատմական քարտեզներում: Մենք ունեցել ենք թագավորություններ, մենք պատերազմել ենք շատերի դեմ, բայց նաև բարեկամացել ենք շատերի հետ։ Նվաճել ենք, բայց նաև կորցրել ենք մեր պետականությունը, եղել ենք տարբեր այլ կայսրությունների մաս, բայց երբեք չենք կորցրել մեր ինքնությունը: Մեր ինքնության ինստիտուտներն են մեր լեզուն, մեր այբուբենը, մեր քաղաքակրթական ժառանգությունը, մեր մշակույթը»: Նախարարն իր խոսքում նշեց, որ հայ ժողովուրդը, ունենալով պատմական հարուստ փորձ, հնագույն ժամանակներից ի վեր, իր խորը և ազդեցիկ հետքն է թողել աշխարհի քաղաքական քարտեզի տարբեր կետերում՝ Գոայից մինչև Բեյրութ, Երուսաղեմից մինչև Ռոտերդամ: Նախարարն ուսանողների ուշադրությանը ներկայացրեց միջազգային ասպարեզում ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման օրակարգի հաստատման և ամրապնդման գործում Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը: «Մենք ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ենք: Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ժխտում է այն: Ես ներկայացնում եմ մի ժողովրդի, որն ապրում է մերժված արդարության խոր վերքով: Մենք գիտենք անպատժելիության ցավը, ժխտման ցավը: Մենք՝ որպես պետություն, շատ ուժեղ քայլեր ենք ձեռնարկում զանգվածային վայրագությունների կանխարգելման ուղղությամբ, կանխարգելման միջազգային գործողությունների ուղղությամբ: Այս գործընթացում մենք շատ վստահելի գործընկերներ ունենք, ներառյալ Լատվիան: Մենք շատ հպարտ ենք, որ ունենք ամուր համագործակցություն աշխարհում՝ հավաքական կերպով միավորելու ուժերը և պայքարելու անպատժելիության, զանգվածային վայրագությունների, ցեղասպանության դեմ»: Եզրափակելով իր խոսքը՝ Զոհրաբ Մնացականյանը գոհունակությամբ արձանագրեց, որ չնայած պատմական դժվարին անցյալին՝ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել՝ կառուցելու մի պետություն, որի հիմքում ընկած են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության սկզբունքները. «Մեր պետությունը զարգացնելու համար մենք ոչնչի առջև կանգ չենք առել, և շարունակաբար զարգացրել ենք մեր պետությունն այն նույն արժեքներով և սկզբունքներով, ինչ Եվրոպայի մյուս ժողովուրդները, Լատվիայի ժողովուրդը. ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների արժեքներն են ընկած մեր պետության հիմքում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր