Եթովպիան արագ աճող պետություն է․ Հայաստանը Եթովպիայում դեսպանություն կբացի
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նախագծին (նստավայրը` Ադիս Աբեբա):
Հայաստանի և Եթովպիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թ. դեկտեմբերին:
«Եթովպիան ներկայումս արագ տեմպերով աճող պետություն է, որը գրանցում է վարկանիշային աճ միջազգային հարաբերություններում։ Ադիս Աբեբան աֆրիկյան մայրցամաքի քաղաքական հիմնական կենտրոններից մեկն է, այստեղ է տեղակայված Աֆրիկյան Միության կենտրոնակայանը, իսկ Աֆրիկյան Միությանն անդամակցում են աֆրիկյան մայրցամաքի բոլոր պետություններն առանց բացառության:
Ադիս Աբեբայում դեսպանություն ստեղծելը ՀՀ-ին հնարավորություն կընձեռի ոչ միայն սերտ երկկողմ հարաբերություններ հաստատել Եթովպիայի հետ, այլեւ խորացնել շփումներն ու համագործակցությունն աֆրիկյան այլ պետությունների և Աֆրիկյան Միության հետ: