1781 դիտում
21:54 17-09-2019
ԵՊՀ-ում անվանի լեզվաբանների կիսանդրիների կողքին տեղադրվեց ևս մեկի՝ Հովհաննես Բարսեղյանի կիսանդրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղ է ունեցել լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ Հովհաննես Բարսեղյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
Բարսեղյանը հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, ավելի քան 20 մենագրության:
Ականավոր գիտնականը և դասախոսը պրոֆեսորներ, պատմաաշխարհագետ, պատմական գիտությունների դոկտոր Թադևոս Հակոբյանի և պատմաբան, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Մելիք-Բախշյանի հետ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» հնգհատորյա կոթողային աշխատության համահեղինակ է, որը, փաստորեն, հենց Պատմական Հայքի տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է։
2003 թ. այդ եզակի բառարանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։
Հայտնի լեզվաբանի կիսանդրու բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Հովհաննես Բարսեղյանի որդիները, թոռները և ուսանողներ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից:
Ներկաներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը:
«Այսօր տոն է ԵՊՀ-ում և Հայ բանասիրության ֆակուլտետում: Մենք հանդիսավորությամբ բացելու ենք անվանի լեզվաբանի կիսանդրին, որն իր հայացքով, իր ներկայությամբ հսկելու է լեզվաբանության հետագա զարգացումները»,- նշեց դեկանը:
Ներկայացնելով Հ. Բարսեղյանի ունեցած ավանդը լեզվաբանության զարգացման մեջ ՝ Ա. Ավագյանն ընդգծեց, որ պրոֆեսորն իր վիթխարի ժառանգությամբ բռնել է հավերժի ճամփան:
Ա. Ավագյանի նկարագրմամբ, Հովհաննես Բարսեղյանի բարդ բնավորությանը միավորված էին անհուն բարությունն ու սովորելու նկատմամբ խստապահանջությունը:
Հ. Բարսեղյանի կյանքի, գիտական ու հասարակական ակտիվ գործունեության մասին խոսեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը. «Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր
իրադարձության և մեր հոգևոր մեծ դարբնոցի՝ ԵՊՀ-ի հիմնադրման փառապանծ 100-ամյակի կապակցությամբ»:
Անվանի լեզվաբանի մասին պատմեցին նաև նրա սաները՝ Ռուբեն Սաքապետոյանը և Նարինե Դիլբարյանը: Վերջիններս իրենց երախտիքի և շնորհակալական խոսքերը հղեցին երջանկահիշատակ պրոֆեսորին:
«Բարսեղյանն ուսանողների սիրելին էր՝ նրանց պաշտամունքի առարկան»,- ընդգծեց Ռ. Սաքապետոյանը:
Իսկ Ն. Դիլբարյանի դիտարկմամբ, Հովհաննես Բարսեղյանը ոչ միայն մեծ գիտնական էր, այլև հրաշալի կազմակերպիչ և ուսուցիչ. «Սիրելի ՛ուսանողներ, թող ձեզ հանդիպեն այնպիսի ուսուցիչներ, որոնք ամեն օր ձեզ կզանգեն և կհարցնեն՝
ինչպիսի աշխատանք եք կատարել: Հենց այս պահանջատիրության շնորհիվ են կերտվելու իսկական բանասերներ»:
Հովհաննես Բարսեղյանի միջնեկ որդին՝ Վահան Բարսեղյանը, որը երկար տարիներ Մոսկվայում է եղել, նշեց, որ հիացած է այսպիսի միջոցառմամբ. «Հովհաննես Բարսեղյանն ազգային կերպար էր՝ նվիրված հայրենիքին, լեզվին, մշակույթին: Նա
արժանի էր այսպիսի ուշադրության, և ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր բարձր են գնահատում իմ հոր ունեցած ավանդը լեզվաբանության զարգացման մեջ»:
Նշենք, որ կիսանդրու հեղինակը քանդակագործ Տիգրան Մուրադյանն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1109 դիտում
19:12 16-09-2019
ԵՊՀ-ում կբացվի անվանի հայագետ, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի կիսանդրին
3398 դիտում
10:49 30-06-2018
Վաշինգտոնում տեղադրվեց ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
919 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
955 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի