211652_close_icon
views-count5269 դիտում article-date 15:38 16-09-2019

Վարչապետը համոզված է՝ կգերակատարվի 330 կիլոմետր ճանապարհ նորոգելու խոստումը

Հայաստանում ճանապարհների նորոգման ծրագրով արդեն ավարտվել է 62.7 կիլոմետր ճանապարհ, իսկ 307 կիլոմետրի շինարարությունն ընթացքի մեջ է: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Տարվա արդյունքներով կգերակատարվի 330 կիլոմետր ճանապարհ նորոգելու խոստումը: Այս թվի մեջ չեն մտնում Երեւանում, Գյումրիում եւ մյուս համայնքներում նորոգված ճանապարհները: Խոսքը հանրապետական եւ միջպետական նշանակության ճանապարհների մասին է»,- «[url=https://armenpress.am/arm/news/988204.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ լայնածավալ աշխատանքներ են կատարվել նաեւ համայնքներում. Երեւանում, օրինակ, այս տարի նորոգվել է 70 կիլոմետր ճանապարհ: «Այսօր Հայաստանում փաստացի որքան ճանապարհաշինարարական ներուժ կա՝ զբաղված է աշխատանքով: Մենք հաճախ բանավիճում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, բայց փաստն այն է, որ Հայաստանում, որքան ճանապարհաշինարարական կարողություն կա, իրենց ապահովել ենք աշխատանքով ու գործով: Մենք փաստեր ունենք, որ երբ մրցույթ ենք հայտարարում ճանապարհաշինարարության համար, և ոչ մի ընկերություն չի մասնակցում: Ինչու, որովհետև այս տարի այնքան աշխատանք են ստանձնել, և դեռ հարց է՝ դա կկարողանա՞ն անել, թե ոչ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ պլանավորել են հաջորդ տարի առնվազն 500 կմ ճանապարհ կառուցել: Վարչապետը հույս հայտնեց, որ արտերկրում ճանապարահաշինարարություն իրականացնող մեր հայրենակիցներն այս հայտարարությանն արձագանքելով՝ կգան և Հայաստանում գործունեություն կծավալեն, մրցույթների կմասնակցեն: «Մենք պատրաստվում ենք համապատասխան փոփոխություններ անել, որ որակյալ աշխատանքների երաշխավորություն չներկայացնող կազմակերպությունները մրցույթների մասնակցելու հնարավորություն չունենան»,-ասաց նա: Կառավարությունը հաստատել է 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնք կիրականացվեն մարզերում: Ըստ նրա՝ սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների եւ կառավարության կողմից: Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը՝ համայնքները: «Սուբվենցիաներով աշխատանքը շատ կարևոր է նրանով, որ համայնքներն իրենք ստանում են իրենց ներքին եկամուտներն ավելացնելու շահագրգռություն: Հանրությունն, իմանալով, որ այս ծրագրերն իր վճարած գումարով են իրականացվում՝ դրանց վրա նախանձախնդիր վերահսկողություն է իրականացվում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբարեկարգվեն, 58 բնակավայրում կիրականացվեն ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ, 37 բնակավայրում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր, 42 բնակավայրում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում, 58 բնակավայրում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր: Վարչապետի խոսքով՝ 53 բնակավայրում նախատեսված է կառուցել կամ նորոգել հասարակական նշանակության շենքեր, 15 բնակավայրում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ, 23 բնակավայրում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր, 24 բնակավայրում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր