211652_close_icon
views-count2597 դիտում article-date 14:24 06-09-2019

Արման Բաբաջանյանը լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը. aravot.am

Արման Բաբաջանյանը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել: Այս մասին նա հայտարարություն է տարածել «[url=https://www.aravot.am/2019/09/06/1064326/]Առավոտում[/url]»: Հայտարարությունում նա, մասնավորապես, ասել է. «2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանում առաջացրեց միանգամայն նոր իրավիճակ պետության ու հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Ավելի քան երկու տասնամյակ երկրում գործած ավտորիտար իշխանությանը փոխարինելու եկավ ժողովրդի աննախադեպ բարձր վստահությունը վայելող, ամբողջությամբ ժողովրդավարական իշխանություն: Հեղափոխությանը հաջորդած առաջին կես տարվա ընթացքում, սակայն, Հայաստանի քաղաքական դաշտն ու քաղաքական կյանքը գտնվում էին դեֆորմացված, դեգրադացված իրավիճակում, քանի որ մի կողմից՝ գործում էր ժողովրդի վստահությունը վայելող գործադիր իշխանություն, մյուս կողմից՝ ապoրինի ընտրություններով ընտրված, հասարակական տրամադրությունների ու սպասումների հետ որևէ աղերս չունեցող խորհրդարան: Թվում էր, թե այդ քաղաքական կազուսը կհանգուցալուծվի 2018 թվականի խորհրդարանական ընտրություններով, սակայն այդ ընտրություններն ընդամենը նոմինալ առումով փոխեցին քաղաքական ստատուս քվոն՝ քաղաքականության բովանդակությունը թողնելով անցյալի իներցիայի ճիրաններում: ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ Թավշյա հեղափոխության հիմքում ընկած էր առաջին հերթին նախորդ ավտորիտար համակարգի դեմ պայքարն ու որպես դրա հետևանք՝ ժողովրդավարության, հիմնարար իրավունքների ու ազատությունների հաղթանակը: Հեղափոխությունը՝ որպես ակտ, լուծեց այդ խնդիրը: Դրան, սակայն, պետք է հաջորդեր պետության ու հասարակական կյանքի բովանդակության փոփոխությունը, այնպիսի փոփոխությունը, որն այդ բովանդակությունը կհամապատասխանեցներ հեղափոխությանն ու նրա հռչակած արժեքներին և գաղափարներին: Դրա համար անհրաժեշտ էր առաջին հերթին քաղաքական համակարգի, քաղաքական կյանքի ու հարաբերությունների վերափոխում ու հեղափոխականացում: 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես նշեցի, այդ խնդիրը լուծեցին միայն նոմինալ առումով. «Իմ քայլից» բացի՝ խորհրդարան անցան «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»՝ կազմավորելով խորհրդարանական կառավարման կարգ ունեցող Հայաստանի նոր Ազգային ժողովը: Ընտրություններին հաջորդած ամիսները, սակայն, ցույց տվեցին, որ նոր խորհրդարանը նոր է միայն ֆորմալ առումով, այն ամբողջությամբ կտրված է նոր Հայաստանի օրակարգից, նոր Հայաստանի իրողություններից ու մարտահրավերներից: Ասվածը վերաբերում է ինչպես իշխանական «Իմ քայլը» խմբակցությանը, այնպես էլ «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին»: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պետության ու հասարակության համար նշանային մի քանի իրադարձություններում (Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամ, Ամուլսարի խնդիր, Ստամբուլյան կոնվենցիա և այլն) ցույց տվեց իր կատարյալ անգործունակությունն ու անհամարժեքությունը: Նշված և մի շարք այլ խնդիրների ինստիտուցիոնալ, համակարգային պատճառը հենց խորհրդարանական իշխող խմբակցության ոչ համարժեք վարքագիծն է ու այսօրվա քաղաքական իրողություններին ու մարտահրավերներին անհաղորդ լինելու իրողությունը: Նույն այս և էլի մի շարք խնդիրներում կատարյալ անհամարժեք վարքագիծ է դրսևորել նաև խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» ու «Լուսավոր Հայաստանի»: Մենք ընդդիմության կողմից չենք տեսել ստեղծարարություն, նախաձեռնողականություն ու նորարարություն: Ընդդիմությունը ձախողել է իշխանությունից ավելի լավը լինելու, ապագայի հույսի իր առաքելությունը, ինչպես որ ձախողել է իշխանությանն այլընտրանք լինելու իր կարևորագույն դերակատարության հարցում: Արդյունքում խորհրդարանական կառավարմամբ երկրում մենք ունենք ոչ համարժեք խորհրդարանական իշխանություն և նույնքան ոչ համարժեք խորհրդարանական ընդդիմություն: Այսինքն՝ պառլամենտական կառավարմամբ պետությունն ապրում է փաստացի անգործունակ խորհրդարանով՝ դրանից բխող բոլոր տեսանելի, բայց որ ավելի վտանգավոր է՝ առաջին հայացքից անտեսանելի ու ճգնաժամերի ներուժ ունեցող հետևանքներով»: Հայտարարությունն ամբողջությամբ՝ [url=https://www.aravot.am/2019/09/06/1064326/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր