Google-ը 200 մլն դոլար կվճարի YouTube-ում երեխաների գաղտնիության սկզբունքը խախտելու համար
Google ընկերությունը համաձայնվել է ամերիկյան իշխանություններին վճարել 200 մլն դոլար՝ կապված YouTube տեսահոսթինգում երեխաների գաղտնիության կանոնները խախտելու վերաբերյալ սկսված հետաքննության հետ։
Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրների։
2018 թվականին Գաղտնիության պաշտպանության կոալիցիոն խումբը բողոք է ներկայացրել ԱՄՆ Դաշնային առևտրային հանձնաժողով այն մասին, որ YouTube-ում խախտվել է երեխաների անձնական տվյալների գաղտնիության պահպանումը և հավաքվել են տվյալներ՝ առանց վերջիններիս ծնողների թույլտվության՝ օգտագործվելով «թիրախային» գովազդում։
Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ 13 տարեկանից ցածր երեխաների անձնական տվյալների հավաքագրումը կարող է իրականացվել միմիայն նրանց ծնողների թույլտվությամբ։