3195 դիտում
13:00 28-08-2019
Ձեր ապաշնորհ քաղաքականության պատճառով բանակցային օրակարգից դուրս են մնացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները. Աշոտյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ուշադրությամբ հետևել է դեսպանների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Նա ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ նշեց, որ վարչապետի ելույթից մեծ հիասթափություն է ապրել:
Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հեղափոխությունը համաշխարհային մակարդակի իրադարձություն է, համեմատեց հայտնի հումորային արտահայտության հետ, որ «От создателя Ну, погоди-ին էլ է» հայ:
«Այս նույն տրամաբանության մեջ է, որ ՀՀ-ն ժողովրդավարության բաստիոն է, որն իրականության հետ որևէ աղերս չունի, ու զավեշտալի է, բայց, ցավոք սրտի, սրա վրա կառուցվեց ու շարունակվում է կառուցվել ՀՀ արտաքին քաղաքականությունը: Մեր վարչապետն այդպես էլ չհասկացավ, որ իր խոստումը՝ կապիտալիզացնել թավշյա հեղափոխությանն արտաքին քաղաքականության մեջ, ի զորու չեղավ կատարել այս մեկ ու կես տարվա ընթացքում: ՀՀ արտաքին քաղաքականության ոչ մի ոլորտում իշխանափոխությունը չբերեց ոչ մի բեկումնային զարգացումների»,- ասաց նա:
Աշոտյանը շեշտեց, որ արտաքին հարաբերություններում ժողովրդավարությունը չի կարող մեր նման երկրի այցեքարտը լինել, ավելին՝ այս հայտարարությունը զարհուրելի սիրողական մակարդակի համարեց:
«Խնդիրն այն չէ՝ արդյոք կա ՀՀ-ում ժողովրդավարություն, թե՝ ոչ, սրա մասին կարող են երկար բանավիճել: Դիցուք՝ կա ժողովրդավարություն, բայց քանի՞ հաջողակ երկրի օրինակ գիտեք, որոնք իրենց արտաքին քաղաքականությունը կարողացել են զարգացնել ժողովրդավարության դոկտրինի շուրջ, քանի որ կարող եմ բերել տասնյակ օրինակներ, որոնք այս ճանապարհով են գնացել ՝ կարծելով, թե չեզոքացրել են իրենց երկրին սպառնացող վտանգները: Հիշեք 2008 թվականի Վրաստանի և 2014 թվականի Ուկրաինայի օրինակները և տեսեք, թե ինչ վտանգավոր թեզ եք առաջ քաշում»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին: Նրա համար տարօրինակ է վարչապետի այն հայտարարությունը, թե ինքը դառնացած է ԼՂ կարգավորման հարցում նախորդ իշխանություններից ստացած ժառանգությունից
«Ինչո՞վ եք դառնացած, նրանով, որ ստացել եք որպես ժառանգությունը երբևէ ամենալավ բանակցված փաթեթը, ո՞ր ձեր ապաշնորհ քաղաքականության պատճառով բանակցային օրակարգից դուրս են մնացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, ո՞ր համանախագահները այլևս չեն շեշտում կարգավորման 3 սկզբունքներ, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Թե՞ դառնացած ես նրանով, որ փոխանակ բանակցային պատմությունը, նախապատմությունը առաջին շուրթերից լսես, հրավիրես Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, իրենցից լսես՝ ոնց է եղել, ինչ է եղել, երբ է եղել, խոստովանում ես, որ բանակցությունների նախապատմության մասին քեզ կարճ լեկցիա է կարդացել Իլհամ Ալիևը: Գուցե դրանո՞վ ես դառնացած»,- շարունակեց Արմեն Աշոտյանը:
Վերջինս ՀՀ ԱԳՆ-ին կոչ արեց իշխանական պատգամավորների համար Արցախի հարցով թրեյնինգներ կազմակերպել:
«Ձեր պատգամավորները անգամ ձեզ չեն կարողանում պաշտպանել Ամուլսարի հարցով, ուր մնաց, որ մեր շահերը կարողանան պաշտպանել դրսում:
Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրի հետ, այո, ոմանք փորձում են զուգահեռներ անցկացնել: Ու դա կանխելու համար մշտական աշխատանք է պետք:
Մենք դա արել ենք: Վերջապես կարդացեք ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ու համեմատեք ԵՄ-Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա ասոցացման համաձայնագրերի հետ ու տեսեք, թե ինչպիսի հաջողության էինք մենք հասել: Վշտացած եմ, պարոն վարչապետ, որ նման սիրողական մակարդակով եք շարունակում ներկայացնել մեր երկիրը դրսում», - եզրափակեց Արմեն Աշոտյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8551 դիտում
14:56 26-10-2017
Ամերիկացի համանախագահը կոչ է անում ի կատար ածել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»