211652_close_icon
views-count8554 դիտում article-date 14:56 26-10-2017

Ամերիկացի համանախագահը կոչ է անում ի կատար ածել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները

Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ հստակեցնելու հաջորդ հանդիպման օրը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթներին: [url=https://armenpress.am/arm/news/910205/eahk-minski-khmbi-amerikaci-hamanakhagahy-serzh-sargsyani.html]«Արմենպրեսի»[/url] հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպումը և նրանց՝ Մինսկի խմբի հետ կառուցողական աշխատանքի հանձնառությունը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, դրական նշան էր: Որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները մնում է հավատարիմ Մինսկի խմբի գործընթացին և շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարը և ամենաբարձր մակարդակով շարունակել բանակցությունները՝ քայլեր ձեռնարկելով ամբողջությամբ ի կատար ածելու նախկին՝ այդ թվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ընդունված որոշումները: Ուժի չկիրառման, տարածքների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների և տեղահանված անձանց խնդիրները համապարփակ լուծման կարևորագույն բաղադրիչներն են»,- ասաց Էնդրյու Շեֆերը՝ ընդգծելով, որ ԱՄՆ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի մասով մնում է հստակ, այն է՝ այս հակամարտության միակ լուծումը բանակցային լուծումն է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա՝ հետեւելով ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքներին:

Նմանատիպ նյութեր