3041 դիտում
10:14 22-08-2019
Եթե մարդիկ իրավունք ունեին փողոց փակել հեղափոխության համար, ապա նույն իրավունքն ունեն Ամուլսարի հանքի շահագործումը մերժելու նպատակով. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Եթե մարդիկ իրավունք ունեին փողոց փակելու՝ «Սերժին մերժելու» համար, ապա նույն իրավունքն ունեն Ամուլսարի հանքի շահագործումը մերժելու նպատակով:
Եթե ակտիվիստները բարձրախոսով իրավունք չունեն մտնելու ԱԺ տարածք, ապա գործադիր իշխանության կողմնակիցները անցած տարվա հոկտեմբերի 2-ին նույնպես իրավունք չունեին դա անել՝ բարձրախոսով և թմբուկով: Եթե վարչապետը և պետական այլ պաշտոնյաներ փաստարկներ են բերում՝ հօգուտ հանքի շահագործման, ապա մնացած քաղաքացիները նույնպես իրավունք ունեն բերելու իրենց հակափաստարկները հանքի շահագործման դեմ՝ անկախ նրանից, թե այդ քաղաքացիներն ինչ պաշտոնների էին կամ ինչ դիրք են ցանկացել զբաղեցնել:
Ավելին՝ Հայկական բնապահպանական ճակատի գործունեությունը հարգանքի է արժանի և պետք է շարունակի իր աշխատանքը՝ հակակշռող ուժ հանդիսանալով կառավարության գործունեությանը: Ուրիշ հարց, որ Ամուլսարի խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլև իրավական, տնտեսական ու քաղաքական (այդ թվում` միջազգային): Բոլոր դեպքերում ոչ ոք չպիտի փորձի մյուսի բերանը փակել:
Ասվածը ճիշտ է նաև «հակառակ կողմից»: Ինչպես իշխանությունը չպիտի սահմանափակի արտահայտվելու ազատությունը, ընդդիմադիրները նույնպես չպիտի փորձեն դա անել յուրահատուկ շանտաժի միջոցով: Այդ շանտաժի ձևերը բազմաթիվ են: Օրինակ, ընդդիմության քոչարյանամետ հատվածի համար, այդ «տրամաբանությունը» գործում է այսպես, եթե ես չեմ կարծում, որ Քոչարյանի ժամանակ Հայաստանը երկնային դրախտ էր, ուրեմն, ես ներդրված եմ Նիկոլի կողմից: Հատկապես այս տեսակի «սպառնալիքները» սաստկացել են վերջերս, երբ իշխանությունը ստիպված կանգնել է դժվար ընտրության առաջ, և տարբերակ կա քաղաքացիների վրա, այսպես ասած, բարոյական ճնշում գործադրելու:
Եթե ես ցանկանում եմ, որ կառավարությունը հավասարակշռված մոտեցում ցուցաբերի, ուրեմն ես ուզում եմ, որ իմ երեխաների և թոռների գլխին նոր «Չերնոբիլ» գա: Եթե ես մեծ նշանակություն չեմ տալիս Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, ուրեմն ես ուզում եմ, որ Հայաստանում օրինականացվեն միասեռական ամուսնությունները: Այդ ծայրահեղացված, միֆականացված «սարսափները» կոչված են ազդելու հասարակական կարծիքի վրա և սահմանափակելու ազատ արտահայտվելու հնարավորությունը»,-գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»