211652_close_icon
views-count3753 դիտում article-date 12:35 04-08-2019

1990-ի օգոստոսի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի առաջնորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1990թ. օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը երկարատև քվեարկությունից հետո ԳԽ նախագահ ընտրեց Լևոն Տեր-Պետրոսյանին: Ընտրություններում Տեր-Պետրոսյանը հաղթանակ տարավ կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Մովսիսյանի նկատմամբ: Նույն օրը Ազատության հրապարակում կազմակերպվեց համաժողովրդական տոնախմբություն, ելույթ ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանը: Օգոստոսի 5-ին նա այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իր հարգանքի տուրքը մատուցելու և ստանալու Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը: Վազգեն Առաջինը շնորհավորեց Տեր-Պետրոսյանին: Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորանքի մեջ ասվում էր. «Սուրբ Էջմիածնից հղում ենք մեր աղոթքը և մեր օրհնությունը վերածնվող մեր հայրենի հարազատ պետության, անձամբ Ձեզ և Ձեր բոլոր ազնիվ գործակիցներին: Ողջ լերուք զորացյալ սուրբ հոգվով, զի Աստված ընդ մեզ է. Ամեն»: Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը կազմավորվել է 1990թ. մեծամասնական ընտրակարգով` երկու փուլով (260 պատգ.) մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Այդ ժամանակ Հայաստանը դեռևս խորհրդային հանրապետություն էր։ Նոր խորհրդարանում, որը սկսեց գործել հուլիսի 20-ից, ներկայացված էր երկու քաղաքական ուժ` կոմկուսը և Հայոց համազգային շարժումը։ Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ կուսակցական խմբակցությունները։ ԳԽ-ում ստեղծվեցին «Հանրապետություն», «Արցախ», «Լիբերալ-դեմոկրատներ» , «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբերը, ՀՀԴ խմբակցությունը վերափոխվեց պատգամավորական խմբի։ Խորհրդարանը օգոստոսի 23-ին ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը. որոշում կայացվեց ՀԽՍՀ-ն վերանվանել Հայաստանի Հանրապետություն։ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, և Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նույն թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր