211652_close_icon
views-count1864 դիտում article-date 16:22 01-08-2019

«Պրոֆպանել» ՍՊԸ-ն ազատվեց մաքսատուրքից, «Լենտեքս» ՍՊԸ-ն ԱԱՀ հետաձգման արտոնություն ստացավ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է բավարարել «Պրոֆպանել» ՍՊԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու համար ներկայացված հայտը: Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ «Պրոֆպանել» ՍՊԸ կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արևային վահանակների արտադրության մեջ, արտադրությունն իրականացվում է Երևանում: Ընկերությունը հիմնվել է 2012 թվականին, արևային վահանակներ սկսել է արտադրել 2016-ից, Հայաստանում այդպիսի վահանակներ արտադրող առաջին ընկերությունն է: Արդեն իրականացվել է 385 մլն ՀՀ դրամի ներդրում, ներկայացված հայտի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2,9 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Ներկայում առկա է 43 աշխատատեղ, ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ 150,000-200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Նոր ներդրումային փուլում արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5,9 մլրդ ՀՀ դրամ, որից 4.3 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, իսկ 1.6 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կարտահանվի երրորդ երկրներ: Ապրանքների ներկրման համար մաքսատուրքից ազատման արտոնության ընդհանուր գումարը կազմում է մոտ 283.6 մլն ՀՀ դրամ: 2018 թ. գործունեության արդյունքներով ընկերությունը վճարել է 54 մլն 600 հազ. ՀՀ դրամ հարկ: Փոփոխություն և լրացումներ կատարելով 2018 թ. ընդունված որոշման մեջ՝ կառավարությունը բավարարել է «Լենտեքս» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը և տրամադրել ԱԱՀ հետաձգման արտոնություն՝ իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնման շրջանակում: Ընկերությունը 2011 թվականից գործունեություն է իրականացնում հագուստի արտադրության բնագավառում Գյումրի քաղաքում և ընդհանուր առմամբ մտադիր է կատարել 5 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում: Ներկայում արդեն կատարվել է շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամի ներդրում, ստեղծվել է 32 աշխատատեղ։ Որոշման ընդունմամբ ներմուծվող ապրանքների ցանկը կփոփոխվի և կհամալրվի 11 ապրանքատեսակով. նախատեսվում է ներմուծել 1,78 մլրդ ՀՀ դրամի չափով ապրանք, կստեղծվի ևս 32 աշխատատեղ։ Ներդրումային ծրագրի արդյունքում 3 տարում նախատեսվում է ստեղծել 460 աշխատատեղ՝ 80.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Նմանատիպ նյութեր