3281 դիտում
11:36 31-07-2019
Կառավարությունն առաջարկում է հիփոթեքային արձակուրդ սահմանել վարկառուների համար
ՀՀ կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և սահմանել «հիփոթեքային արձակուրդ» հասկացությունը և դրա տրամադրման առնչությամբ առանցքային դրույթները: Տեղեկացնում է e-draft իրավական ակտերի, նախագծերի միասնական կայքը։
Նախագծով «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնված վարկառուներին տրվում է հիփոթեքային արձակուրդ վերցնելու մեկանգամյա հնարավորություն:
«Միաժամանակ, սահմանվում է կրեդիտավորողի պարտավորությունը՝ հիփոթեքային արձակուրդի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը կրեդիտավորման պայմանագրում ներառելու: Նախագծով սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»: Այդ պայմաններին բավարարելու դեպքում վարկառուն կարող է դիմել մինչև 6 ամիս ժամկետով հիփոթեքային արձակուրդ ստանալու նպատակով՝ կողմերի միջև համաձայնեցված պայմաններով: Արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճարումները շարունակվում են կրեդիտավորման պայմանագրով սահմանված նախնական պայմաններով, իսկ հիփոթեքի պայմանագրի ժամկետը կողմերի միջև կնքված համաձայնագրով երկարաձգվում է արձակուրդի տևողության չափով:
Նախագծի ընդունման դեպքում «Հիփոթեքային արձակուրդից» օգտվելու ժամանակ վարկի դասակարգումը չի փոխվի, տույժեր և տուգանքներ չեն գանձվի, ինչպես նաև դա որևէ կերպ չի արտացոլվի ընթացիկ վարկային զեկույցներում (վարկային պատմություն): Իսկ վարկատուների շահերը կշարունակեն մնալ պաշտպանված անշարժ գույքի գրավով, կանխավճարով, ինչպես նաև լրացուցիչ ռեզերվ ստեղծելու անհրաժեշտության բացակայությամբ»,-նշված է նախագծում:
ՀՀ կառավարությունը մշտապես շարունակական քայլեր է իրականացնում հիփոթեքային վարկավորման համակարգի, բնակարանաշինության զարգացման և բնակարանային ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ:
«Ներկայում գործում է բնակարանային խնդիրների հաղթահարմանը միտված պետական նպատակային աջակցության ընգրկուն համակարգ՝ ուղղված հասարակության տարբեր շերտերի կարիքների բավարարմանը: Պետության կողմից ձեռնարկված միջոցառումների և ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող բազմազան գործիքների շնորհիվ հիփոթեքային շուկան զգալիորեն ակտիվացել է:
Նման պայմաններում ավելի ու ավելի արդիական է դառնում վարկառուների շահերի պաշտպանության և երաշխիքային գործուն համակարգի ձևավորումը: ՀՀ-ում գործող վարկատու կազմակերպությունների կողմից այժմ էլ առաջարկվում են վարկային պարտավորությունների վերակառուցման տարբեր գործիքներ, սակայն դրանք ուղեկցվում են այդ գործընթացի հետ կապված լրացուցիչ վճարներով: Մինչդեռ Նախագծով օրենսդրորեն ամրագրվում են հիփոթեքային արձակուրդից օգտվելու վարկառուների իրավունքը և դրա իրացման պայմանները՝ զգալիորեն մեղմելով հիփոթեքային վարկավորման պայմանները»,- ասված է նախագծում:
Կյանքի տարբեր իրավիճակներում հայտնված վարկառուների պարտավորությունների կատարման հետաձգման մեխանիզմներ կիրառվում են զարգացած բանկային համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում:
Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում բոլոր բանկերի կողմից քաղաքացիների առանձին խմբերի համար նախատեսվում է հիփոթեքային արձակուրդ՝ մինչև 12 ամիս տևողությամբ: Գերմանիայում գործում են վճարումների հետաձգման հատուկ ծրագրեր՝ նախատեսված ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունեցող անձանց համար: Ծրագրերի շահառու դառնալու հստակ պայմանները որոշվում են հաճախորդի և բանկի կողմից համատեղ: Իռլանդիայում դժվարին իրավիճակում (շտապ վերանորոգում, ուսումնառություն, հղիություն, ծննդաբերություն և այլն) հայտնված վարկառուներին հիփոթեքային արձակուրդներ տրամադրվում են բոլոր բանկերի կողմից: Հիմնական գումարի մարումները կարող են հետաձգվել մինչև 6 ամիս ժամկետով, իսկ տոկոսագումարները՝ մինչև 12 ամիս ժամկետով: Ֆրանսիայում աշխատանքը կորցրած և այլ դժվարություններ ունեցող վարկառուների համար նախատեսված է վճարումների հետաձգման հնարավորություն ցանկացած տեսակի, այդ թվում՝ հիփոթեքային վարկի դեպքում: Այդ արտոնյալ ժամանակահատվածը կարող է լինել առավելագույնը 24 ամիս: 2019 թվականից հիփոթեքային արձակուրդի տրամադրման վերաբերյալ օրենսդրական փաթեթ է ընդունվել նաև ՌԴ-ում: Արդյունքում օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում վարկառուները հնարավորություն ունեն ստանալու մինչև 6 ամիս ժամկետով արտոնյալ ժամանակահատված:
«Նախագիծը մշակվել է միջազգային լավագույն փորձին համահունչ, և դրա ընդունումը թույլ կտա զգալիորեն թեթևացնել դժվար կացության մեջ հայտնված վարկառուների ֆինանսական բեռը, որոնց կյանքի պայմանները փոխվել են հիփոթեքային վարկ ստանալուց հետո: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են նաև վարկառուների գույքային իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը, հաշվի առնելով, որ կրեդիտավորման պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում վարկառուն կարող է զրկվել իր միակ բնակարանից»,- նշված է նախագծում:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել հիփոթեքային վարկավորման ինստիտուտը և թեթևացնել դժվար կացության մեջ հայտնված անձանց վարկային բեռը: Արդյունքում կմեղմվի վարկատու կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականությունը, ինչը կարող է խթանել հիփոթեքային վարկերի նկատմամբ պահանջարկը:
Նմանատիպ նյութեր
22478 դիտում
13:11 27-03-2020
Բանկերը վերանայել են 200 մլրդ դրամի վարկերի պայմաններ, վարկառուների մեծ մասին տրվել է արձակուրդ. Փաշինյան
1913 դիտում
15:27 04-06-2019
Այս տարվա հունիսի 2-ի դրությամբ ներում ստացած վարկառուների քանակը կազմել է 20 հազար 889
1063 դիտում
16:28 21-05-2024
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան