211652_close_icon
views-count1325 դիտում article-date 23:37 23-07-2019

ՊՎԾ-ն առաջարկել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգում կատարել փոփոխություններ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում մարզպետարաններին և առողջապահության նախարարությանն ուղարկել է գնման ընթացակարգերում փոփոխություններ կատարելու առաջարկ: Այս մասին նշված է 2019 թվականի առաջին կիսամյակի ըն­թաց­քում ՊՎԾ-ի կողմից կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ հաղորդագրությունում: Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ մարզպետարաններին և ՀՀ առողջապահության նախարարությանն ուղարկվել են համապատասխան գրություններ, որոնցով առաջարկվել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք միտված են եղել ոլորտն ազատականացնելուն։ «Ոլորտն ազատականացնելու անհրաժեշտությունը բխել է մշտադիտարկման արդյունքում պարզված այն հանգամանքից, որ 2015-2018 թվականների ընթացքում հեմոդիալիզի սարքավորումներ և պարագաներ են ներմուծվել թվով 8 կազմակերպությունների կողմից, որոնցից 2 կազմակերպություններ՝ «Ֆրեզեն» և «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ները, ներմուծել են ընդհանուրի 82.9%-ը, համապատասխանաբար,41.7% և 41.2% մասնաբաժիններով։ Ընդ որում, ՀՀ տարածքում գործող 9 պետական բժշկական կենտրոններից 3-ին («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն», Վանաձորի բժշկական կենտրոն, Կապանի բժշկական կենտրոն) հեմոդիալիզի պարագաներ է մատակարարել «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, իսկ մնացածին՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումներ»,- նշված է հաղորդագրության մեջ: Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի փետրվարի 11-ի թիվ Հ/001-19 հանձնարարագրի հիման վրա սկսված ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով, ինչի արդյունքում հարուցվել են քրեական գործեր:

Նմանատիպ նյութեր