7568 դիտում
09:50 18-05-2019
Հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի անակնկալ ավարտը. ինչի՞ դեմ էր պայքարում ՊՎԾ-ն. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Մայիսի սկզբին կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր գնման գործընթացների մասին: Նա դժգոհություն էր արտահայտել միայն գնային ցուցանիշներով առաջնորդվելու կապակցությամբ:
«Պարզվում է՝ պետական գնումով ինչ-որ անորակ ծառայություն է ձեռք բերվել: Հարց՝ ինչու է այդ ծառայությունը ձեռք բերվել, որովհետև մրցույթում ամենաէժան գինն իրենք են առաջարկել: Եվ տպավորությունն այնպիսին է, որ այդ մրցույթում, եթե ձրի առաջարկեն, կհաղթեն: …Ցածր գին՝ չի նշանակում՝ այնպիսի ցածր գին, որը երաշխավորում է ծառայության կամ մատակարարման անորակությունը: Ցածր գին՝ նշանակում է՝ մեզ անհրաժեշտ որակով, բայց հնարավորինս էժան գնով»,- ասել էր վարչապետը:
Հեմոդիալիզի գնման պարագաների գնման գործընթացների վերաբերյալ Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների հիման վրա հարուցված քրեական գործի քննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռ շարունակվում է:
ՊՎԾ-ն իր ուսումնասիրությունների մասին մարտի վերջին հաղորդագրություն էր տարածել՝ ներկայացնելով «մեդալի» միայն մի կողմը, այսինքն՝ թե որքան գումար է տնտեսվել գնումներին իրենց միջամտության արդյունքում: Սակայն հեմոդիալիզի դեպքում առավել կարևոր հարցը՝ որակը, ՊՎԾ-ն չի ներկայացրել: Մինչդեռ ԲԿ-ներից մեկում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, գնումների վերջին գործընթացը բավականին ուշագրավ զարգացումներ ունի:
Պարզվում է, որ ի հեճուկս ՊՎԾ-ի «բացահայտած չարաշահումների»՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մրցույթի հիմնական հաղթողը, ի վերջո, «Ֆրեզեն» ընկերությունն է եղել:
Հարց է ծագում՝ ինչպե՞ս է հաղթել այդ նույն ընկերությունը, եթե ՊՎԾ պետ (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանն ապրիլի վերջին հայտարարել էր, որ «մենաշնորհը վերացել է» և «լուրջ արդյունք ունեն»:
«Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ մրցույթի առաջին փուլի արդյունքները հրապարակվել են այս տարվա հունվարի 18-ին, եղել է 8 մասնակից, 11 չափաբաժնից 8-ը վերջնական արդյունքում հաղթել է «Ֆրեզենը», 2-ը՝ այլ մասնակից, իսկ 1-չափաբաժինը հանվել է մրցույթից: «Ֆրեզենի» հետ պայմանագիրը կնքվել է ապրիլի 9-ին:
Նա պնդեց՝ շուկայում մենաշնորհ չկա ու չի եղել երբևէ. «Ի՞նչ մենաշնորհի մասին է խոսքը, եթե շուկայում 3-4 ընկերություններ են գործում»:
ՊՎԾ-ի մեղադրանքին, թե «Ֆրեզեն» ՍՊԸ-ն պետական կարիքների համար գնման մրցույթներին մասնակցելով՝ ապահովում է գերշահույթ՝ պարագաների մատակարարման մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ ավելի գին սահմանելով, Հ.Պիվազյանը հակադարձեց, որ նախ՝ դա այդպես չէ, և ձևավորվող գինը պայմանավորված է այլ ծախսերով, օրինակ՝ սպասարկումը, որը շատ ծախսատար ու թանկ պրոցես է:
Նա նշեց, որ վերջին մրցույթի ժամանակ իրենք նախորդ տարվա համեմատ՝ էժան գին են առաջարկել, որովհետև անվճար սպասարկում այլևս չի իրականացվելու. «Որոշ մարդիկ վերագրում են նրան, որ՝ տեսեք, թե՝ բա մենք միջամտեցինք, ու արդյունքում պետության փողերը խնայվեցին… ո՛չ, դա այդպես չէ, և հիմա սպասարկման համար առանձին մրցույթ պիտի հայտարարվի»:
«Այն խոսակցությունները, որ պարոն Սանասարյանը պնդում և կրկնում է ամեն առիթով, որ ուղղակի պատահաբար ուսումնասիրություններ են եղել և պարզել են, որ այդ ոլորտում կան չարաշահումներ, ես վստահաբար կարող եմ ասել և ապացուցել, որ դա «Գյուլնազ տատի հեքիաթներից» է։ Այն ժամանակ, երբ ՊՎԾ-ն իրենց հովանավորյալ ընկերությանը մեծ ջանքեր գործադրելուց հետո չկարողացավ մտցնել հեմոդիալիզի շուկա, այդ օրվանից սկսվեցին «ստուգումները», եթե ոչ՝ հարցաքննությունները, և «ուսումնասիրում» էին միմիայն «Ֆրեզեն» ՍՊԸ-ին վերաբերող թղթերը։
Հ. Պիվազյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) որևէ առնչություն ունի «Ֆրեզեն» ընկերության հետ. «Ֆիրմայի հետ նա կապ չունի և չի էլ ունեցել, անգամ մեր գործունեությունից տեղյակ չէ։ Ընդամենն իմ բարեկամն է»։
Անդրադառնալով քրեական գործին՝ Հ.Պիվազյանը նշեց, որ այն հարուցվել է ՊՎԾ-ի բողոքի հիման վրա, և իր տեղեկություններով՝ դրանում բավականին սխալներ ու թերություններ կան. «Քննությունը կընթանա, և վերջում կպարզվի ողջ պատկերը»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
13870 դիտում
19:20 26-03-2019
Հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ են հայտնաբերվել. ՊՎԾ-ն մանրամասներ է հայտնում
1289 դիտում
23:37 23-07-2019
ՊՎԾ-ն առաջարկել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգում կատարել փոփոխություններ
Այս բաժնից
880 դիտում
07:50 12-11-2024
ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ»
793 դիտում
07:35 12-11-2024
Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»