211652_close_icon
views-count2735 դիտում article-date 18:58 19-07-2019

Նիկոլ Փաշինյանը ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի N զորամաս. վարչապետը ճաշել է զինծառայողների հետ, միաժամանակ ծանոթացել նոր սննդակարգին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 19-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի N զորամաս: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է զորամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, այնուհետև հանդիպել զինծառայողներին: Վարչապետը նշել է, որ այժմ Պաշտպանության նախարարությունը փորձարկում է պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը: «Եկել ենք տեղում տեսնելու, թե ինչպես է գործընթացն աշխատում»,- ասել է վարչապետը: Ողջունելով զինծառայողներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սիրելի կուրսանտներ, ձեր կյանքում, թերևս, սկսում է ամենակարևոր շրջաններից մեկը, երբ դուք ծառայության եք անցնում հայրենիքին: Ես համոզված եմ՝ ձեր ծնողները, հարազատները ձեզ ծառայության ճանապարհելուց առաջ հորդորներ են տվել և այդ հորդորներից կարևորագույնը, թերևս, եղել է պատվով ծառայել, լավ ծառայել հայրենիքին: Ես ուզում եմ, բացի այն ընդհանուր շրջանակը, որի մասին սովորաբար ասվում է, այս առիթն օգտագործել՝ գծագրելու այն բովանդակությունը, որը պիտի գործնականում նշանակի լավ ծառայել հայրենիքին: Ցանկանում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ զինվորական գործը, զինվորական ծառայությունը, զինվորական մասնագիտությունն ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է: Մենք երբեմն հաճախ զինվորական ծառայությունը, բնականաբար, ընկալելով որպես համազգեստի, կոշիկի, սննդի, տեխնիկական, նյութատեխնիկական այլ հարցերի համատեքստում, որը չափազանց կարևոր է, սակայն շատ հաճախ չենք նկատում, որ զինվորական գործն ամենաինտելեկտուալներից մեկն է: Եվ, հատկապես, որ գտնվում ենք ուսումնական զորամասում, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այդ հնարավորության վրա. ի՞նչն է մեր զինվորի, ընդհանրապես, ժամկետային զինվորական ծառայության անցնող զինվորի երկտարյա ծառայության կարևորագույն գործերից մեկը: Զինվորը մտնում է ուսումնական զորամաս և ըստ էության, հիմնական բովանդակությունն այն է, որ նա այստեղ պետք է սովորի զինվորական գործ: Սա նշանակում է, որ բանակում՝ հատկապես ուսումնական զորամասում, մեր զինվորները ստանում են բազմաթիվ նոր գիտելիքներ, սովորում են բազմաթիվ նոր հմտություններ, որոնք մեծ հաշվով ձեզ ամբողջ կյանքում կարող են ուղեկցել, անկախ նրանից, դուք հետագայում զինվորական գործով կզբաղվեք, թե՝ ոչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը զինծառայողների ուշադրությունն է հրավիրել հատկապես այն փաստի վրա, որ զինվորի ծառայության ժամկետն ինչ-որ առումով նաև ուսումնառության ժամկետ է: «Եվ մեր կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկն այն է, որ զինվորի ուսումնառության այս շրջանը մենք մաքսիմալ արդյունավետ օգտագործենք, որպեսզի զինվորը բանակից զորացրվելիս լինի շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակում, քան եղել է մինչև զինվորական ծառայությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը՝ զինծառայողներին կոչ անելով հատկապես ուսումնական զորամասում ծառայելու առիթը բաց չթողնել և հարստացնել գիտելիքները, փորձել հասկանալ, թե ինչ է զինվորական գործը: «Սա ձեզ համար մեծ շանս է սովորել ինչ է մարտավարությունը, ինչ է ռազմավարությունը: Ռազմավարական ու մարտավարական մտածողությունը միայն զինվորական գործում կիրառվող հմտություն չէ, որովհետև մեր ամբողջ կյանքը, գործունեությունն, անկախ նրանից զինվորական է, քաղաքացիական, թե որևէ այլ գործ, մեր ամբողջ կյանքը կառուցված է մարտավարական և ռազմավարական որոշումներ կայացնելու հմտություններից, իրավիճակը գնահատելու հմտությունից, իրավիճակում կողմնորոշվելու հմտությունից: Սրանք են այն հենասյուները, որոնց վրա կառուցվում է զինվորական գործը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ զինվորական ծառայության ընթացքում զինվորների ձեռք բերած հմտությունները նրանց պետք է օգնեն ողջ կյանքի ընթացքում: «Հետևաբար, մեր կառավարության, Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի հիմնական խնդիրն է, որ այդ հմտությունները, մարտավարական, ռազմավարական մտածողությունը, իրադրությունը գնահատելու հնարավորությունը, որոշումներ կայացնելու ընդունակությունը ձեզ ամբողջ կյանքում ուղեկցի, որովհետև ձեր հետագա կյանքի որակը կախված է լինելու նրանից, թե ինչքանով եք դուք կարողանում ահա այսպիսի մտածողության բանաձևերով գործել քաղաքացիական կյանքում, ինչքանով եք կարողանում որոշումներ կայացնել, ինչքանով եք կարողանում ճիշտ գնահատել իրադրությունը: Եվ իհարկե, այս հմտությունները շատ ավելի կարևոր են առնվազն զինվորական ծառայությունն իրականացնելիս, մարտական հերթապահություն իրականացնելիս, հայրենիքը պաշտպանելու գործի ընթացքում»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ դա պետք է օգնի զինծառայողներին հաղթել ոչ միայն հակառակորդին, այլև հետագայում կյանքի բոլոր մարտահրավերները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայոց բանակն այն հիմնական տեղն է, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստը, հաղթելու հմտությունը: «Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրի մեջ կա հաղթողի տաղանդը և զինված ուժերը պետք է կարողանան օգնել ձեզ, որպեսզի ձեր մեջ այդ տաղանդը բացահայտվի: Եվս մեկ նկատառում. կարծում եմ, որ մենք նաև քաղաքական մակարդակում այսպիսի խնդիր պետք է դնենք մեր առաջ և ասենք, այո, Հայաստանի բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, բայց այս խնդիրը լուծելու համար ես ճանապարհը տեսնում եմ հետևյալ կերպ. Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը: Որպեսզի սա լինի՝ հայ հանրությունը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ հանրությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ պետությունը: Եվ մենք պետք է ամենօրյա կյանքում կարողանանք ճշգրիտ մարտավարական, ռազմավարական որոշումներ կայացնել, ճշգրիտ գնահատել իրադրությունը և կայացնել ճշգրիտ ու ժամանակին որոշումներ»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետը զինծառայողներին հաջողություններ է մաղթել հայրենիքի ծառայության ընթացքի մեջ և նշել, որ հայրենիքին ծառայությունն ընդամենը ժամկետային զինծառայության երկու տարով չէ որ ավարտվում է: «Մեզանից յուրաքանչյուրն, ի վերջո, նորովի է իմաստավորում կյանքը, երբ ծառայում է հայրենիքին, անկախ նրանից՝ ժամկետային զինծառայող է, սպա է, նախարար է, գեներալ է, լրագրող է, վարչապետ է, գործարար է, բանվոր է, որովհետև չկա ավելի մեծ առաքելություն քան հայրենիքին ծառայելու առաքելությունը և չկա ավելի մեծ բերկրանք, քան հայրենիքի դրոշի ներքո կրած հաղթանակի բերկրանքը, քան հանուն հայրենիքի կրած հաղթանակի բերկրանքը: Ես տեսնում եմ, որ դուք հաղթող եք, հպարտ եք, դուխով եք, ուժեղ եք և դուք զինվոր եք: Պատվով կրեք զինվորի կոչումը և այնպես արեք, որ ոչ միայն մենք բոլորս, այլև դուք ինքներդ ամբողջ կյանքում հպարտանաք այդ համազգեստը կրելու համար, որ ձեր երեխաները հպարտանան ձեզանով, որ դուք այդպիսին եք: Ես այսօր հպարտանում եմ ձեզանով և շնորհակալ եմ, որ դուք այդպիսին եք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև վարչապետը ճաշել է զինծառայողների հետ, միաժամանակ ծանոթացել նոր սննդակարգին: Սնունդը փորձելուց հետո վարչապետը նշել է, որ նախկինի համեմատ տարբերությունն ահռելի է: «Որակի ահռելի տարբերություն կա: Շատ բարձր որակի սնունդ է ապահովվում: Ե՛վ տեսականին, և՛ որակն աննկարագրելի բարձր մակարդակի են»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր