Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Քվեմո-Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլու հետ
Հուլիսի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Ռուսթավի քաղաքում հանդիպում ունեցավ Քվեմո-Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլու (Shota Rekhviashvili) հետ։
Հանդիպմանը դեսպանը նախ հետաքրքրվեց օրերս մեծ վնասներ հասցրած կարկուտի հետևանքով տուժած Մառնեուլիի շրջանի հայաբնակ Կարմիր գյուղին հատկացվող պետական աջակցության գործընթացով և նշեց, որ այդ հարցին ինքն առանձնակի նշանակություն է տալիս, քանի որ գյուղացիները մեծ վնասներ են կրել։
Նահանգապետը նշեց, որ տանիքների վերանորգման համար արդեն օգնություն բաժանվել է և այն դեռ շարունակվում է։
Դեսպանը հետաքրքրվեց նաև հայաբնակ գյուղեր տանող Սադախլո-Ախքյորփի ճանապարհի շինարարարական աշխատանքներով, ինչպես նաև Մառնեուլիի շրջանի շուրջ մեկ տասնյակ հայկական գյուղերի բնակիչներին հուզող հարցերով։
Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ժամանակներս համատեղ այց կատարել կարկուտից տուժած Կարմիր գյուղ և տեղում ծանոթանալ վերականգնման աշխատանքների արդյունքներին։