Սևանում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձան Սևանի խնդրին։
Նախարարը պարզաբանեց, որ Սևանում ջրիմուռների աճը մի քանի գործոնների հանրագումար է և դրան էլ գումարած բնակլիմայական փոփոխությունները, որոնց արդյունքում ունենում ենք այս դեպքը: Նա նկատեց, որ շատ ջրավազաններում է նման իրավիճակ գրանցվել:
«Բայց կեղտաջրերի նվազումը և ջրի մակարդակի բարձրացումը առաջնային նպատակն են: Այս պահին լավ է վիճակը»,- ասաց նա:
Էրիկ Գրիգորյան նշեց նաև, որ ամեն դեպքում, այս տարի բնական ճնշումը շատ մեծ է եղել՝ միայն գոլորշիացումը եղել է 100 միլիոն խորանարդ մետրով ավելի, քան նախկինում և 40 միլիոն խորանարդ մետր ավելի պակաս տեղումներ ենք ունեցել:
«Այս պահին ունենք երկու սանտիմետրով ավելի բարձր մակարդակ՝ ի հաշիվ նաև Արփա-Սևանի լրացուցիչ ջրառի»,- ասաց նախարարը:
Վարչապետը արձանագրեց՝ Սևանում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը: