Աշոտ Ղուլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային ուսանողական ծրագրով Արցախ ժամանած երիտասարդներին
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 12-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ ամառային ուսանողական ծրագրով Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների, ովքեր փորձուսուցում են անցնում հայկական տարբեր կառույցներում:
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել ԱՀՀ համագումարի ղեկավար կազմին և, մասնավորապես, Արփի Վարդանյանին՝ ամեն տարի հայ երիտասարդներին հայրենիք բերելու և Արցախին ծանոթացնելու համար: Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ այս օրերին ստացած փորձն ու տեղեկությունները երիտասարդները հետագայում կօգտագործեն իրենց նահանգներում և քաղաքներում Արցախի միջազգային ճանաչման աշխատանքն առաջ մղելու համար:
ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար և ներկայացրել այցի ծրագիրն ու հիմնական ուղղությունները:
Այնուհետև Ազգային ժողովի ղեկավարը պատասխանել է երիտասարդների հարցերին՝ անդրադառնալով խորհրդարանի գործունեությանը, Արցախի բյուջետային համակարգի ծրագրավորմանը և տնտեսական զարգացման առաջնահերթություններին:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության
հետ կապերի բաժին[/b]