211652_close_icon
views-count5226 դիտում article-date 17:00 10-07-2019

Որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, վթարն ուղղակի խոշոր է եղել, հնարավոր է՝ 1 ժամվա ընթացքում ամբողջ հանրապետությունում էներգամատակարարումը վերականգնվի. փոխնախարար․ Tert.am

Անհանգստանալու որևէ բան չկա, որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ կարող ունենալ: Վթարն ուղղակի խոշոր է եղել, ամենախոշորը 2013 թ-ից սկսված: Տատանումները մեծ են եղել, դա ամբողջ էներգահամակարգի վրա ազդել է: Այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հանրապետությունում էլեկտրաէներգետիկ համակարգի խափանումների թեմայով հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2019/07/10/Vardanyan/3045968?fbclid=IwAR2tipQ0_1XzGOggRzqCHjqtxBB0KbwV8_IQ8RZqA3QeaptT11u_D3E1gIg]Tert.am[/url]-ը։ Նա նշեց, որ ժամը 1:46 րոպեին հաճախականության տատանում է եղել ամբողջ համակարգում, որի հետևանքով անջատվել է Հրազդանի 5-րդ բլոկը, հետո Երևան ՋԷԿ-ը և ապա փոքր կայանները: Հաճախականության տատանումները շարունակական բնույթ են կրել, և այս պահին դեռևս հստակ ախտորոշված չէ պատճառը: «Բայց կայունությունը վերականգնված է, տատանումներ չունենք, էներգահամակարգի արտադրական հզորության մատակարարումը վերականգնում է»,-ասաց նա: Հակոբ Վարդանյանը նշեց, որ համակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգահամակարգի հետ՝ ՀՀ-ում ցանկացած տանում Իրանում է զգացվում և հակառակը: «Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք մեր իրանցի գործընկների հետ կապի մեջ ենք եղել, նույն ժամանակահատվածում իրենց մոտ էլ են տեղի ունեցել տատանումներ: Բայց ասել, որ վթարի պատճառը 100 տոկոսով եկել է իրանական էներգահամակարգից, չեն կարող»,-ասաց նա: Փոխնախարարի խոսքով՝ ուսումնասիրություններ կկատարվեն, պատճառները և մեղավորները կբացահայտվեն: Ինչ վերաբերում է համակարգում արտադրությանը, ասաց, որ այս պահին հիմնական բազիսային արտադրող կայանները Հրազդանի 5-րդ բլոկն է, Երևանի ՋԷԿ-ը, ինչպես նաև ՀԷԿ-երը: «Ատոմակայանը պլանային վերանորոգման է կանգնած հունիսի մեկից և ցանցում չի եղել, ցանցից միայն օգտվել է սեփական կարիքների համար: Ատոմակայանի անձնակազմը, պահպանելով բոլոր նորմատիվները, հաճախականության տատանման սկսվելուն պես ցանցից անջատվել են և սեփական կարիքները բավարարել սեփական դիզել գեներատորների միջոցով: Կայունացումից հետո նորից սկսել են սնվել համակարգից»,-ասաց նա: Հակոբ Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին Լոռու և Տավուշի մարզի մի մասը անջատել են ՀՀ-ի էներգահամակարգից և միացրել վրացական էներգահամակարգին. մարզերի մատակարարումը վերականգնված է: «Այս պահին Վրաստանից 28 մեգավատ ներմուծում ունենք, 42 մեգավատ Իրանից, ընդհանուր այս պահին սպառումը՝ 583 մեգավատ վերականգնված է: Օրվա այս ժամերին մեր մոտ սպառման պահանաջարկը լինում է 800-850, մաքսիմալը՝ 900 մեգավատ: Այս պահին մոտ 600 մեգավատ ապահովվում է: Սևան-Հրազդան կասկադը ամբողջ հնարավորությամբ գործող ջրի քանակով մտած է համակարգ, որը ևս անջատված էր, Որոտանի կասկադը և փոքր ՀԷԿ-երը ևս: Մնացել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը և Երևան ՋԷԿ-ը, որտեղ զննության աշխատանքներ են կատարվում և վթարը վերականգնողական աշխատանքներ»,-ասաց նա: Փոխնախարարի խոսքով՝ մոտավորապես մեկ ժամվա ընթացքում, եթե նոր տատանումներ չլինեն, 5-րդ բլոկի շոգետուրբինը կարող է մտնել ցանց: «Այդ ժամանակ ամբողջ հանրապետությունում էներգամատակարարումը կվերականգնվի և որևէ մեկը չի զգա վթարի հետևանքները»,-ասաց նա: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/10/Vardanyan/3045968?fbclid=IwAR2tipQ0_1XzGOggRzqCHjqtxBB0KbwV8_IQ8RZqA3QeaptT11u_D3E1gIg]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր