211652_close_icon
views-count1146 դիտում article-date 18:12 02-07-2019

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոտինոյի հետ

Հուլիսի 1-2-ը Մոսկվայում ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոտինոյի հետ: Ողջունելով իր գործընկերոջը՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության եւ փոխադարձ վստահության վրա, ինչը լավ հիմք է երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարային ծրագրեր կյանքի կոչելու համար: Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Ներկայացուցիչների պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Սեսիլիա Բոտինոն տեղեկացրել է, որ ընտրվելուց հետո արդեն իսկ հասցրել է հանդիպել հայ համայնքի հետ, որը մեծ դեր ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Նա նշել է, որ իր երկրի խորհրդարանում ամեն տարի իրականացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Հայաստանի խորհրդարանի խոսնակը շնորհակալություն է հայտնել ուրուգվայցի գործընկերներին Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշման համար: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում արդեն իսկ ձեւավորվել է Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խումբը՝ հույս հայտնելով, որ վերջինս ակտիվ գործունեություն կծավալի: Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը հայ խորհրդարանականների հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ մոտ օրերս Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացումը եւս նոր զարկ կտա երկու երկրների միջեւ բազմոլորտ հարաբերություններին:

Նմանատիպ նյութեր