211652_close_icon
views-count3637 դիտում article-date 18:59 01-07-2019

Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավորությամբ մեկնարկել է 2019 թվականի ամառային առաջին զորակոչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել 2019 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներին իրենց հարազատների հետ միասին պատմական վայրից Հայոց հաղթանակած բանակ են ճանապարհել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները, <<Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում>> ՀԿ-ի ներկայացուցիչները և համայնքապետերը: Ավանդույթի համաձայն` պետական այրերը, թեմակալ առաջնորդն ու պարտադիր զինվորական ծառայության մեկնողները նախ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող խաչքարին։ Այնուհետև ներկաներին ողջունել և ամառային առաջին զորակոչի մեկնարկի կապակցությամբ իր բարեմաղթանքի խոսքն է հղել մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` ասելով. <<Պատիվ ունեմ ողջունելու ձեզ այս պատմական վայրից և շնորհավորելու այս պատվաբեր օրվա առթիվ: Այսօր դուք քայլ առաջ եք անում դեպի թշնամին` հանուն մեր երկրի պաշտպանության և խաղաղության: Ցավոք սրտի, խաղաղությունը չի տրվում, այլ պարտադրվում է մեր միասնական ուժի շնորհիվ, իսկ մենք անկոտրում ենք և անհաղթ, երբ միասնական ենք: Սիրելի նորակոչիկներ, վստահ եղեք, որ բանակում անցկացրած ձեր յուրաքանչյուր օրը նպաստելու է մեր հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը: Իսկ մենք մեր հերթին պատրաստ ենք և պարտավոր մեր աշխատանքով արժանին մատուցել ձեր ծառայությանը: Սիրելի ծնողներ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ` նման քաջարի և խիզախ զավակներ դաստիարակելու համար: Խաղաղ երկինք, բարի ծառայություն և բարի վերադարձ մեր բոլոր նորակոչիկներին>>: Բանակ զորակոչվող երիտասարդներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք է հղել նաև Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը՝ մասնավորապես նշելով. <<Դարեր շարունակ մեր ժողովուրդը բանակ չի ունեցել, և մեր զավակները ծառայել են օտար հողում, իրենց կյանքը զոհել օտար հողի վրա: Այսօր այն բախտավոր պահն է մեզ համար, երբ մեր տղաները ծառայության են մեկնում հայկական բանակ և պետք է պաշտպանեն մեր սրբազան սահմանները, մեր օջախները, մեր հավատքն ու մեր հայրենիքը: Սիրելի նորակոչիկներ, մենք սիրում ու հավատում ենք ձեզ: Դուք ապացուցել եք, որ արժանի զավակներն եք մեր պետության, եկեղեցու և կարող եք քաջությամբ ու իմաստությամբ պաշտպանել մեր հայրենիքը: Մենք աղոթում ենք առ Աստված, որ Տերը ձեզ պաշտպան կանգնի, ձեր բազուկը միշտ ամուր լինի, ձեր միտքն արթուն լինի և քաջությամբ լցված այս երկու տարին ծառայեք եղբայրական սիրո մթնոլորտում և վերադառնաք ձեր հայրենի օջախները: Աստված պահապան ձեզ>>: Հանդիսավոր միջոցառման ավարտին նորակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ են ստացել մարզպետ Համբարձում Մաթևոսյանից, համայնքապետերից և հայրենասիրական երգերի ուղեկցությամբ ու բարձր տրամադրությամբ մեկնել իրենց պարտքը մատուցելու հայրենիքին: [b] Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր