211652_close_icon
views-count1763 դիտում article-date 17:09 26-06-2019

«MAGIC» և «LST» միջազգային համագործակցությունների ղեկավարները Երևանում կներկայացնեն կարևոր գիտական արդյունքներ

Հունիսի 24-ից 28-ը Երևանում անցկացվում է գերբարձր էներգիաների աստղաֆիզիկայի բնագավառի «MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում է ավելի քան 60 գիտնական Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Խորվաթիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Բուլղարիայից: Գիտաժողովի շրջանակներում՝ հունիսի 27-ին, ժամը 18:30-ին, «ԴաբլԹրի Բայ Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» սրահում, տեղի կունենա պաշտոնական ընդունելություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար`Արայիկ Հարությունյանի, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդերբերգերի մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում «MAGIC» և «LST» միջազգային համագործակցությունների ղեկավարները կներկայացնեն տեղեկատվություն «MAGIC» և նոր սերնդի՝ 23 մետր տրամագծով «LST» դիտակների մասին, նրանց աշխատանքի սկզբունքների, գիտական ծրագրերի, կիրառված բարձր տեխնոլոգիական լուծումների և ստացված կարևոր արդյունքների մասին։ «MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը: «MAGIC»-ը երկու՝ 17 մետրանոց պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակների համակարգ է՝ տեղադրված Լա Պալմայում: «MAGIC» համագործակցությանն անդամակցում են Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Բուլղարիայի և Հայաստանի ավելի քան 20 խոշոր գիտական կազմակերպություններ և համալսարաններ: ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը 2016թ. հուլիսի 16-ից «MAGIC» միջազգային համագործակցության անդամ է: [b] ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր