«Բոլթոնի պլան» գոյություն չունի. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հնարավոր է, որ հակամարտող կողմերից մեկը ենթադրել է, որ ԱՄՆ-ն կսկսի ղարաբաղյան կարգավորման հարցում Մոսկվայից նախաձեռնությունը «վերցնել» և իր «ճանապարհային քարտեզը» կներկայացնի: Սակայն դա տեղի չունեցավ: Ընդ որում, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, ի տարբերություն իր ռուս գործընկեր Լավրովի, ընդհանրապես խուսափեց Մնացականյանի և Մամեդյարովի հետ հանդիպումներից ու բանակցություններից, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան «չափազանց ժլատ» համատեղ հայտարարությամբ:
Նրանք միայն տեղեկացրել են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները «համաձայնության են եկել նոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ» և արագ արձագանքելու և ռիսկերը նվազեցնելու համար «համամիտ» են ուղիղ կապի օգտագործման անհրաժեշտության հարցում:
Ի դեպ, նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ մի կապ չունի Բաքվի և Երևանի միջև անմիջական ուղիղ կապի ստեղծման հետ:
Սա հակամարտությունը լուծելու, այսպես կոչված, «ամերիկյան շրջանը» սկսելու լիակատար ձախողում է: Եվ ինչպե՞ս կարող է այն սկսվել, երբ «գործի մարդը»՝ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, հայտարարել է, որ «խաղի մեջ է մտնում» և «անհամբեր սպասում Վաշինգտոնում Մնացականյանի և Մամեդյարովի հետ հանդիպմանը»:
Արդյունքում Բոլթոնը միայն ծանոթացավ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հակամարտող կողմերի դիրքորոշումների հետ: Դրանից հեռու նա չգնաց:
Ներկայումս դժվար է ասել՝ արդյոք Բոլթոնը բլե՞ֆ էր անում, թե՞ Վաշինգտոնում տեղի է ունեցել մի բան, որը փչացրել է ամերիկացիների կողմից մշակված սցենարը: Ակնհայտ է, որ ղարաբաղյան, այսպես կոչված, «Բոլթոնի պլան» գոյություն չունի, կամ, եթե կար, հրաժարվել են դրանից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]