211652_close_icon
views-count1632 դիտում article-date 18:54 20-06-2019

Պատանի հրշեջ-փրկարարների խումբը հուլիսի 4-13-ը կմասնակցի Բելառուսում կայանալիք փրկարարների 17-րդ միջազգային մրցույթ-հավաքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 20-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աջակցությամբ` Երևան քաղաքի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պահպանության հատուկ ջոկատի տարածքում պատանի հրշեջ-փրկարարները ցուցադրեցին Բելառուսի Հանրապետության Գոմել քաղաքում կազմակերպվելիք 17-րդ միջազգային մրցույթ-հավաքի թիմային պարապմունքները: Մանկապատանեկան հավաքի հիմնական նպատակն է սովորեցնել պատանիներին արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և գործելու հմտությունները, ինչպես նաև խթանել համագործակցությունը տարբեր երկրների պատանի փրկարարների միջև: Մարզումների առաջին հատվածում պատան հրշեջ-փրկարարները «Այցեքարտ» խորագրի ներքո փորձեցին ներկայացնել Հայաստանի մշակութային արժեքները: Քվանտ վարժարանի աշակերտ Նանե Ասատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատանի հրշեջ-փրկարարական խմբի մասին տեղեկացել է իր ընկերներից, ովքեր նախկինում մասնակցել են վերոնշյալ մրցույթին: Նա նշեց, որ նմանատիպ ուժային մրցույթին մասնակցում է առաջին անգամ. «Նախկինում եղել են մրցույթներ, որոնց մասնակցել եմ, բայց ֆիզիկական պատրաստվածության մարզումներին մասնակցում եմ առաջին անգամ»: Պարապմունքների երկրորդ հատվածը ներառում է ֆիզիկական և փրկարարական պատրաստություն, հրշեջ-կիրառական, տուրիստական վազքուղու հաղթահարում, առաջին բուժօգնություն և հրշեջ փոխանցումավազք մրցաձևերը: Հրշեջ-փրկարարական թիմի անդամ Հայկ Սաֆարյանն ասաց, որ մրցույթից ձեռք բերված գիտելիքները շատ են օգնում նրան առօրյայում. «Դեռ փոքր տարիքից սիրել եմ հրշեջ-փրկարարի աշխատանքը: Նմանատիպ մրցույթները հնարավորություն են տալիս ձեռք բերելու որոշակի մասնագիտական գիտելիքներ»: Ինչ վերաբերում է մասնագիտության ընտրությանը, մեր հերոսն ասաց, որ հստակ որոշել է դառնալ հրշեջ-փրկարար: ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, պատվիրակության ղեկավար փ/ծ գնդապետ Արսեն Սարոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվել է պատանի հրշեջ-փրկարարների մարզային և հանրապետական առաջնություն, որի արդյունքներն ամփոփելուց հետո` ապրիլի 26-ին ընտրվել են լավագույն 7 պատանի հրշեջ-փրկարարները: Նրա խոսքով` նախորդ տարիներին հայկական հրշեջ-փրկարարների թիմը մասնակցել և զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ «Այցեքարտ» մրցաձևով թիմը գրավել է 3-րդ տեղը: «Մինչև հուլիսի 4-ը մեր թիմը ծանրաբեռնված գրաֆիկով պատրաստվում է մարզումներին, որպեսզի պատշաճ կերպով մասնակցի Բելառուսի Հանրապետությունում կայանալիք հրշեջ-փրկարարների 17-րդ հավաք-մրցույթին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր