211652_close_icon
views-count1026 դիտում article-date 16:12 19-06-2019

Դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահի հետ. քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության հարցեր

Հունիսի 18-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպեց Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի՝ խորհրդարանի ստորին պալատի նախագահ Նուրլան Նիգմատուլինի (Nurlan Nigmatulin) հետ: Կողմերը փաստեցին, որ երկկողմ ավանդական բարեկամական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա։ Երկուստեք գոհունակությամբ նշվեց Հայաստանի և Ղազախստանի բարձր ղեկավարության միջև վերջերս տեղի ունեցած շփումների կարևորությունը միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար: Անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափում փոխգործակցության հետագա ընդլայնմանը, քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հարթակներում համատեղ աշխատանքի հնարավորությունները: Գագիկ Ղալաչյանը ներկայացրեց մայիսի 22-24-ը ՀՀ-ՂՀ միջխորհրդարանական բարեկամական խմբի հայ պատգամավորների՝ Նուր-Սուլթան այցի արդյունքները: Այս համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության հետագա ամրապնդումը: Դեսպան Ղալաչյանը վերահաստատեց սեպտեմբերի 24-25-ը Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական երկրների խոսնակների համաժողովին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության մասնակցությունը և հաջողություն մաղթեց զրուցակցին այդ կարևոր միջոցառման կազմակերպման գործում։

Նմանատիպ նյութեր