211652_close_icon
views-count1880 դիտում article-date 22:34 05-03-2019

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահի հետ

Մարտի 4-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի (Токаев Касым-Жомарт Кемелевич) հետ: Ողջունելով ՀՀ դեսպանին, Ղազախստանի Սենատի նախագահն ընդգծեց Հայաստանի, հայկական մշակույթի հանդեպ առկա համակրանքը և հայ-ղազախական ավանդական բարեկամության ամրապնդման անհրաժեշտությունը։ Պրն․ Տոկաևը կարևորեց ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում երկու պետությունների միջև սերտ համագործակցությունը՝ թե՛ միջկառավարական, թե՛ միջխորհրդարանական հարթության վրա: Նա նաև նշեց ղազախական կողմի մեծ հետաքրքրությունը երկկողմ ձևաչափում միջխորհրդարանական հարաբերություններն առավել զարգացնելու հարցում: ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև մշակութային կապերի ամրապնդման հեռանկարներին։ Դեսպան Ղալաչյանը ներկայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ Ազգային ժողովում բարեկամության խմբերի ձևավորման գործընթացը՝ նշելով, որ հայ-ղազախական բարեկամության խմբի կազմավորումից հետո անմիջապես ձեռնամուխ կլինի միջխորհրդարանական շփումների աշխուժացմանը: Հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում:

Նմանատիպ նյութեր