211652_close_icon
views-count3248 դիտում article-date 12:36 18-06-2019

Գագիկ Ծառուկյանը փաստաբանի միջոցով պատասխանել է Քննչական կոմիտեի ծանուցագրին

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը փաստաբանի միջոցով պատասխանել է Քննչական կոմիտեի կողմից իրեն ուղարկված ծանուցագրին: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, Գ. Ծառուկյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Ես պատասխանել եմ դրան իմ փաստաբանի միջոցով, քանի որ ես ասել եմ, որ բոլորն օրենքի առաջ հավասար են, և բոլորը լիարժեք պետք է հարգեն օրենքը»,-ասաց Ծառուկյանը: Հարցին, թե արդյոք ինքը չի գնալու Քննչական կոմիտե, նա նշեց, որ դրա կարիքը չի տեսնում, ինքն իր փաստաբանի միջոցով ուղարկել է թուղթ, որում մասնավորապես նշված է, որ արտահայտել է իր կարծիքը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք վիրավորական չի համարում ծանուցագիրը պատռելը, Ծառուկյանն ասաց, որ դա չպետք է դներ շրջանակի մեջ կամ կախեր Այվազովսկու նկարի կողքին: Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ ծանուցագրին պատասխանել է փաստաբանի միջոցով: Հունիսի 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենան հրկիզելու գործով հրավիրվել է հարցաքննության, որին սակայն չի ներկայացել: Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը հայտարարել էր, որ իրեն այս գործով հարցաքննության հրավիրելը վիրավորական է համարում: Հունիսի 15-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ էր հրավիրվել հարցաքննության: 2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա Վահան Սարիբեկյանին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Կազմվել է քննչականխումբ: Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դա շինծու, սարքած գործ է: «Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի»,- ասել էր Ծառուկյանը:

Նմանատիպ նյութեր