1303 դիտում
18:14 14-06-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ ներկա այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող հարաբերություններին: Արարատ Միրզոյանի խոսքով` ԳԴՀ վերջերս կատարած իր պաշտոնական այցը, ինչպես նաեւ երկու երկրների բարձրաստիճան ղեկավարության միջեւ հանդիպումները բազմաթիվ նոր ծրագրերով կհագեցնեն Հայաստան-Գերմանիա փոխհարաբերությունների օրակարգը: Դրանցում օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը տարբեր ձեւաչափերով, որոնք շարունակական բնույթ կկրեն:
Ազգային ժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել գերմանական կողմին ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանն ուղղված ջանքերի համար` ակնկալելով, որ դրա իրականացման փուլում Գերմանիան նույնպես ակտիվ դերակատարում կունենա: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների` ԵՄ մուտքի թույլտվության ազատականացման խնդրին` արձանագրելով, որ հասունացել է գործնական քայլեր կատարելու ժամանակը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թոմաս Օպերմանն առանձնացրել է երեք հանգամանք, որոնք պայմանավորում են Հայաստանի հետ կապերի խորացման Գերմանիայի հետաքրքրվածությունը. 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրագործած ոճրագործությունների վերաբերյալ 2016 թվականին Բունդեսթագի ընդունած բանաձեւը, Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը, որն իր դրական արձագանքն ունեցավ Եվրոպայում, եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի այցը Երեւան: «Մենք մեծ համակրանք ենք տածում Հայաստանի նկատմամբ եւ պատրաստակամ ենք ամրապնդելու երկկողմ հարաբերությունները»,-ասել է Բունդեսթագի փոխնախագահը:
Ազգային ժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք ընթանում եւ իրականացվելու են ամենատարբեր ոլորտներում: «Մենք հաստատակամ ենք հետեւողականորեն զարգացնելու ժողովրդավարական արժեքները եւ ժողովրդավարությունը մեզանում այլեւս հետընթաց չի ունենալու»,-նշել է Արարատ Միրզոյանը:
Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է ԳԴՀ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը` ընդգծելով, որ միայն նման ոճրագործությունների ճանաչմամբ ու դատապարտմամբ հնարավոր կլինի կանխարգելել մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:
ԱԺ նախագահը հայկական կողմի պատրաստակամությունն է հայտնել շարունակելու ներդում ունենալ միջազգային անվտանգության գործընթացներում` մասնավորապես անդրադառնալով Աֆղանստանում հայ խաղաղապահների արդյունավետ համագործակցությանը գերմանական հրամանատարության հետ:
Տեղեկացնելով, որ ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակության այցը տարածաշրջանային է` Թոմաս Օպերմանը նշել է, որ իրենց նպատակներից է նաեւ ծանոթանալ առկա հակամարտությունների լուծման կողմերի մոտեցումերին, նպաստելու երկխոսության ու խաղաղության մթնոլորտի հաստատմանը:
«Աշխարհում առկա բոլոր հակամարտություններին պետք է նայել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Մարդկանց ազատ ապրելու իրավունքը չպետք է պայմանավորված լինի որեւէ իշխանության քաղաքական նկրտումներով»,-ասել է խորհրդարանի ղեկավարը: Նրա խոսքով` Ադրբեջանում հնչող ռազմատենչ հռետորաբանությունը ի չիք է դարձնում միջազգային բանակցային ջանքերը:
Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հեռանկարներին, կարեւորել միջխորհրդարանական կապերի հետագա աշխուժացումը, երկու երկրների տարածաշրջանային փոխգործակցությունը:
Նմանատիպ նյութեր
706 դիտում
18:25 21-11-2024
Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան