211652_close_icon
views-count1497 դիտում article-date 11:35 11-06-2019

Տիգրան Խաչատրյանը ելույթ է ունեցել «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» լսումներին

Հունիսի 10-ին ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության համար բացել է մեծ հնարավորություններ: Որոշ համեմատություններ ենք կատարել 2014 թվականի վերջի դրությամբ (նախքան անդամակցությունը) անդամ նույն երկրների հետ մեր հարաբերությունների քանակային ցուցանիշները: Կարող ենք արձանագրել, որ առևտրաշրջանառության ծավալները Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ երկրների այս ժամանակահատվածում տարեկան աճել են 34.5 տոկոսով: Ընդ որում` ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում աճել են 2.1 անգամ: Միայն 2018 թվականի ընթացքում Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումն աճել է 20.7 տոկոսով: Արտահանման ողջ ծավալի մեջ միայն 1.1 տոկոսն է եղել լեռնահանքային ոլորտի արտադրանք: Մնացած 99 տոկոսը վերամշակող արդյունաբերության և գյուղատնտեսական չմշակված արտադրանքներ են», - նշել է նա։ Նախարարը կարևորել է այս թվերը, քանի որ դրանք խոսում են այն մասին, որ Հայաստանի արտադրության ապրանքները մրցունակ և պահանջված են ԵԱՏՄ անդամ երկրների սպառողների համար: Նախարարը նաև ներկայացրել է ամենից շատ արտահանված ապրանքները, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, թարմ և սառեցված բանջարեղեն, մրգեր, ծխախոտ, ոսկերչական իրեր, դեղագործական արտադրանք, շինարարական քարեր և այլն: «2019-ի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը և կարող ենք փաստել, որ այս տարվա ընթացքում Հայաստանը տնտեսական տեսանկյունից արձանագրում է շատ ավելի առարկայական ձեռքբերումներ, քան այն ժամանակահատվածի սկզբում, երբ անդամակցում էր», - նշել է նախարարը և ընգդծել, որ այսօր առաջանահերթություններից մեկը մնում է միասնական և ընդհանուր շուկաների ձևավորումը, մասնավորապես՝ էլեկտրաէներգետիկ դաշտի միասնականացումը»։ Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ թեև ԵԱՏՄ անդամակցության պահին Հայաստանն արդեն իսկ ուներ արտոնյալ ռեժիմներ, ազատ առևտրի համաձայնագրեր ԵԱՏՄ անդամ երկրների հետ, սակայն ԵԱՏՄ անդամակցությունը թույլ տվեց երկրին ստանալ առավել զգալի տնտեսական էֆեկտ՝ ի հաշիվ միասնական տնտեսական տարածքի գործունեության, միասնական տեխնիկական կանոնակարգման, սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառության, ոչ սակագնային կարգավորման: Նախարարը կարևորել է շուկաների միասնականացման գործընթացները, նշել, որ այժմ ծառայությունների միասնական շուկան գործում է 52 ոլորտներում։ Աշխատանքներ են տարվել 11 ծառայությունների ոլորտների ազատականացման և ծառայությունների միասնական շուկաների ձևավորման ուղղությամբ, ազատականացվել է 9 ոլորտ։ Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ երրորդ երկրների հետ համատեղ աշխատանքները եղել են եվրասիական տնտեսական ինտեգրացիոն ուղղություններից մեկը, և, նրա խոսքով, այս տարին նշանավորվել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին համաձայնագրի վավերացմամբ։ Առևտրի ծավալները մեծացնելու և ընթացակարգերը պարզեցնելու տեսանկյունից նախարարը կարևորել է նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ կնքված համաձայնագիրը։ Տիգրան Խաչատրյանի խոսքով, տարբեր բանակցային փուլերում են գտնվում նաև ԵԱՏՄ-ի և Սինգապուրի, Սերբիայի, Իսրայելի, Եգիպտոսի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրերին։ «Մեծ ծավալի աշխատանքներն ենք կատարում նաև տեխնիկական կանոնակարգման ուղղությամբ, որի նպատակն է տնտեսական տարածքում միասնականացնել ապրանքներին և ծառայություններին ներկայացվող որակական և տեխնիկական պահանջները՝ սպառողների շահերի պաշտպանության նպատակով», - նշել է նախարարը և հավելել, որ մինչ օրս ԵԱՏՄ շրջանակներում մշակվել և ընդունվել են 47 տեխնիկական կանոնակարգեր, որոնցից 41-ը ՀՀ-ում ուժի մեջ են մտել։ Նախարարն անդրադարձել է արդյունաբերության ոլորտում անդամ-պետությունների համագործակցությանը․ նախարարի խոսքով՝ կան էլեկտրոնային հարթակներ, որոնց զարգացումը թույլ կտա Եվրասիական տնտեսական միության գործող կազմակերպությունների պահանջարկը կապակցել նույն տարածքում այլ սուբյեկտների առաջարկի հետ և ոչ միայն ֆիզիկական մատակարարումների, այլև տեխնոլոգիական և նորարարական մշակումների, որոնք մեծ հնարավորություններ են բացում խոշոր բիզնեսին և ՓՄՁ-ին կամրջելու համար։ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է ոսկերչական արտադրանքի հարգադրոշմների փոխճանաչման վերաբերյալ համաձայնագրի շուրջ աշխատանքները տվյալ ոլորտի զարգացման տեսանկյունից։ Ելույթի վերջում նախարարը վստահեցրել է, որ ամեն հնարավոր միջոց օգտագործվել և օգտագործվելու է, որպեսզի հայաստանյան տնտեսավարողների շահերը լինեն առավելագույնս հաշվի առնված՝ նպաստելու տնտեսական ներուժի զարգացմանը ոչ միայն Հայաստանում, այլև՝ ԵԱՏՄ տարածքում։ Ելույթից հետո նախարարը պատասխանել է «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների մասնակիցների հարցերին ։

Նմանատիպ նյութեր