211652_close_icon
views-count1641 դիտում article-date 23:30 07-06-2019

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին. անդրադարձ է կատարվել նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին

Հունիսի 6-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե-Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։ Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) կատարողականի 2018-2019թթ․ գնահատման զեկույցը։ ՀՀ պատվիրակությունն իր ելույթներում անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ երկխոսությանը և տարբեր ոլորտներում համագործակցությանը, վերահաստատել Հայաստանի հանձնառությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին ու առաքելություններին ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությունը շարունակելու հարցում։ Ներկայացվել են նաև ՀՀ պետական կառավարման ոլորտում կատարված և ընթացիկ բարեփոխումները, ինչպես նաև արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Ելույթներին հաջորդած քննարկումների ընթացքում նախանշվել են համագործակցության նոր ոլորտներ, որոնց իրականացմանն ուղղվող համագործակցության նպատակները կարտացոլվեն ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների նոր՝ մշակման փուլում գտնվող ծրագրում։ Նիստի մասնակիցների խնդրանքով անդրադարձ է կատարվել նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, վերահաստատվել է ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդական առաքելությանը։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր են գնահատել Դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը բոլոր բնագավառներում և իրենց աջակցությունն առաջարկել պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների իրականացման գործում։

Նմանատիպ նյութեր