«Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աջակցությամբ մայիսի 30-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կայացել է համերգային մեծ ծրագիր՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, համերգին մասնակցել են «Սասնա ծռեր» և «Նուբար» ավանդական երգի-պարի համույթները՝ գեղարվեստական ղեկավարներ Հովհաննես Մկրտչյանի և Լուսինե Նազարյանի գլխավորությամբ:
Քրեակատարողական հիմնարկում այդ օրը հնչել են միայն նախնյաց ոգով հագեցած հայրենասիրական երգ ու երաժշտություն, համույթի մասնակիցները պարեցին քաջ հայորդի նախնիների հուժկու, ազգային պարերը, որոնք ներկաներին փոխանցեցին բարձր տրամադրություն:
Միջոցառումն ամփոփվեց երկկողմանի շնորհակալական խոսքերով: