160520 դիտում
16:08 30-05-2019
Արտակարգ դեպք Արարատի մարզում. անհայտ անձը Նորամարգ գյուղում նռնակ է նետել իր ազգականի տան ուղղությամբ. վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Բազմաբեկորային վնասվածքներով Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի։
Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի Նորամարգ գյուղից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, և ըստ նախնական տեղեկությունների՝ ընտանիքի անդամներից մեկը կամ նռնակ կամ այլ պայթուցիկ նյութ է նետել տան վրա։
Այս պահին նշված տուն են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խմբի մի մասը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Զաքարյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի Մասիսի պահպանության դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Իգնատ Թարվերդյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, ինչպես նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։
Գյուղ են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, ովքեր ծառայություն են կատարում գյուղամիջյան ճանապարհներին, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն։
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Դեպքը կենցաղային հողի վրա է, և վիրավորներից մեկի նախկին ամուսինն է նռնակ նետել տան ուղղությամբ։ Հիմա երևի ոստիկաններն ու քննիչները տեղում կաշխատեն, կիմանան՝ հաստատ նռնա՞կ է եղել, թե՞ այլ պայթուցիկ նյութ»։
Հարևանները նշում էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանները, որոնցից մեկին՝ ոստիկանական ավտոմեքենայով։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները ասում էին նաև, որ տուժածներից մեկը մանկահասակ երեխա է, մեկը՝ հղի կին, երկուսը տարեց տղամարդ ու կին:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Արարատի մարզի դատախազի տեղակալ Վաղարշակ Մկրտչյանը։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ։
Ա. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։ Փաստի առթիվ Ա. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի մի քանի կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
[color=#CC0000]***
18:20
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխվածներից տղամարդը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացավ:
[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+