211652_close_icon
views-count1606 դիտում article-date 16:05 30-05-2019

«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում տարիներով գործել են հստակ մշակված կոռուպցիոն մեխանիզմներ, որոնցով ահռելի չափերի միջոցներ են հափշտակվել

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ իրավասու մարմինների վարույթներում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր ՓԲԸ-ում արձանագրված խախտումների և չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։ Ուսումնասիրությամբ փաստվել է, որ նշված ոլորտում ևս տարիներ շարունակ գործել է կազմակերպված կոռուպցիոն սխեմա: Մասնավորապես քննվող քրեական գործերի նյութերի համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, կապալային աշխատանքների կատարման վերաբերյալ կնքված պայմանագրերով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, չիրականացված աշխատանքների ծավալների հավելագրումներ են կատարել: Իսկ ընկերության աշխատակիցների կողմից կազմվել և ստորագրվել են աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր: Այս սխեմայով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Պարզվել է նաև, որ ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված՝ ՓԲԸ-ին պատկանող առանձնապես խոշոր չափի նյութական և ֆինանսական միջոցները, իսկ ՓԲԸ ծառայողների կողմից գնումների կազմակերպման և անցկացման գործընթացում շահագրգռվածություն ցուցաբերելու արդյունքում պայմանագրային աշխատանքների կատարման գործընթացում կատարվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Բացի այդ, ՓԲԸ-ի տարբեր հաստիքներում աշխատանքի են ընդունվել տնօրենի մտերիմ անձինք՝ ովքեր տևական ժամանակ տնօրենի գիտությամբ և թողտվությամբ չեն հաճախել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, սակայն դրա դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի աշխատավարձ: Այս մեխանիզմով ևս վատնման եղանակով «ԲԷՑ» ՓԲԸ-ից հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։ Վերոնշյալ կոռուպցիոն կազմակերպված սխեմաներով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների և չարաշահումների հանցագործության դեպքերով 2018-2019թթ. ընթացքում ՀՀ դատախազության, ՀՀ իրավասու այլ մարմինների վարույթում հարուցվել և քննվում է ընդհանուրը 7 քրեական գործ: Դրանք հարուցվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված), առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդված) և պաշտոնեական անփութության (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդված) հատկանիշներով: ՈՒսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նշված քրեական գործերով նախնական հաշվարկով պատճառված վնասը կազմել է մոտ 1մլրդ 109մլն ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում արդեն վերականգնվել է 20 մլն-ը: Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ քրեական գործերով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու, պատասխանատու անձանց պարզելու և գործադրված կոռուպցիոն մեխանիզմներն ամբողջության մեջ լիարժեք բացահայտելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր