211652_close_icon
views-count1059 դիտում article-date 18:14 29-05-2019

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ֆրանսիացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները

Մայիսի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի առաջին փոխնախագահ Պատրիկ Բորը և Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը: Կողմերը բարձր գնահատեցին տարբեր ոլորտի ներկայացուցիչներից կազմված քառասուն հոգանոց պատվիրակության այցելությունը Հայաստան և այցի շրջանակներում անցկացվող տարբեր հանդիպումները, ինչը լավ հնարավորություն է տեղում քննարկելու հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի տարբեր ոլորտներին առնչվող համագործակցության հեռանկարները: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ներկայացուցչական պատվիրակության այս այցն արտացոլում է հայ-ֆրանսիական հարաբերությունների բազմաբովանդակ էությունը, որը մշտապես աչքի է ընկել առավել խորը փոխգործակցությամբ և երկու երկրների ժողովուրդների միջև ավանդական սերտ կապերով: Անդրադառնալով հայ-ֆրանսիական օրակարգի մի շարք հարցերի՝ զրուցակիցները որպես համագործակցության կարևոր ուղղություն առանձնահատուկ ընդգծեցին բիզնես շրջանակների միջև կապերի խրախուսումը, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստարտափերի, նորարարական և ստեղծագործ կրթության ոլորտում համատեղ նախագծերի նախաձեռնումը: Երկուստեք կարևորվեց հայ համայնքի կարևոր դերակատարությունը Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում, որը նաև ամուր կապող օղակ է երկու բարեկամ երկրների միջև։ Զրուցակիցներն առանձնահատուկ կարևորեցին ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումն ու զարգացումը՝ որպես երկկողմ օրակարգի առավել հարստացմանն ուղղված քայլ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գործընկերներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ այդ համատեքստում կարևորելով միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը: Զրուցակցի խնդրանքով՝ նախարար Մնացականյանը հակիրճ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ ընդգծելով Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

Նմանատիպ նյութեր