211652_close_icon
views-count3381 դիտում article-date 11:39 20-06-2018

Զոհրաբ Մնացականյանը Յոհանես Հանին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Բրյուսել մեկնարկեց հունիսի 19-ին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ հանդիպմամբ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Յոհանես Հանին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, որոնք հանձնակատար Հանի բնորոշմամբ կարելի է դիտարկել որպես ժողովրդավարական փոփոխության լավ օրինակ: Նախարար Մնացականյանը հանձնակատար Հանին ներկայացրեց կառավարության նոր ծրագիրը և վերջինիս արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանում բարեփոխումների գործընթացին Եվրամիության կողմից ցուցաբերած շարունակական աջակցության համար: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց կառավարության ծրագրերը և գործունեությունը՝ ուղղված հետևողական բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին կարևորելով գործընկերների հետ համագործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես երկկողմ հարաբերությունների շրջանակի։ Նախարար Մնացականյանը տեղեկացրեց կառավարության ծրագրում ամրագրված արտաքին քաղաքական առաջնահերթությունների և գերակայությունների հիման վրա ձեռնարկված քայլերի մասին, որոնք ուղղված են Հայաստանի շահերի պաշտպանությանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության ձևաչափում համագործակցության հեռանկարների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ արվեց հունիսի 22-ին Մինսկում կայանալիք Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգին: Նախարար Մնացականյանը և հանձնակատար Հանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների և դրանց ուղղությամբ մոտեցումների, գնահատականների և դիրքորոշումների շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ընդգծելով նաև խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար։ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը ցուցաբերած հետևողական աջակցության համար։

Նմանատիպ նյութեր