3169 դիտում
23:42 24-05-2019
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Մոնոպոլիի «Սուդեստիվալը» սերտացնում են համագործակցությունը
Մայիսի 24-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում փոխըմբռնման հուշագիր կնքվեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և Մոնոպոլիի «Սուդեստիվալի» (Իտալիա) միջև:
Հուշագիրը ստորագրեցին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը և «Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման:
Հուշագրով կողմերը մտադիր են սկսել կանոնավոր մշակութային համագործակցություն և փոխանակում: Երկու փառատոների կազմակերպչական կառույցները՝ ինքնուրույն, բայց մշտական կապի մեջ, աշխատելու են իրենց երկրներում համապատասխան ծրագրերում կինոյի բաժիններ բացելու ուղղությամբ՝ երաշխավորելու համար իտալական կինոյի բաժին «Ոսկե ծիրան»-ում և հայկական կինոյի օր «Սուդեստիվալ»-ում:
Հուշագիրը ուժի մեջ կլինի երեք տարի ժամկետով՝ միչև փառատոնի 2023 թ. թողարկման ավարտը: Հուշագիրը ենթակա կլինի վերականգնման 2023 թ. թողարկումից հետո՝ պայմանով, որ կողմերը հավասարապես բավարարված կլինեն համագործակցություններից և դրանց մշակութային արդյունքներից:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հուշագրի կնքման արարողությանն ընդգծեց, որ Իտալիայում մասնակցել է «Սուդեստիվալին» և հիացած է եղել տեղի հյուրընկալությամբ: Հուշագրի ստորագրմամբ էլ երկուստեք կապն է՛լ ավելի կամրապնդվի, ինչը Հարություն Խաչատրյանը կարևոր է համարում:
«Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման առանձնահատուկ շեշտեց, որ ինքը և Հարություն Խաչատրյանը կարծում են, որ կինոն յուրահատուկ հանդիպումների և միմյանց ճանաչելու լավագույն միջոցն է:
«Միմյանց ճանաչելու համար կարևոր է, որ Հայաստանն իր բաժինն ունենա «Սուդեստիվալի» շրջանակում, ինչը շատ կարևոր կլինի նաև Իտալիայում հայկական համայնքի համար»,-ասաց Միկելե Սուման՝ հավելելով, որ «Սուդեստիվալ»-ը հիմնականում զբաղվում է ժամանակակից իտալական կինոյով, այնպես որ իրենք կարող են հայկական փառատոնին ներկայացնել թարմացված իտալական ֆիլմեր:
Ի դեպ, մայիսի 22-25-ը Հայաստանում Եվրոպայի օրվա շրջանակում անցկացվում է «Սուդեստիվալ» իտալական ֆիլմերի փառատոնը, որն արդեն երկրորդ անգամ, շնորհիվ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի, հյուրընկալվում է Հայաստանում: Փառատոնի շրջանակներում անցկացվում են վարպետության դասեր անվանի իտալացի սցենարիստ Սալվատորե Դե Մոլայի կողմից, ինչպես նաև ցուցադրվում են ժամանակակից իտալական ֆիլմեր։
Երկու փառատոնների միջև հուշագրի ստորագրման գործում մեծ է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի ավանդը, ով ևս ներկա էր ստորագրման արարողությանը:
«Հայաստանը և Իտալիան ունեն հարուստ կինո, և դա նպաստում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Մեծագույն հաջողություններ եմ մաղթում երկու փառատոններին, և պատրաստ եմ ցուցաբերել իմ օժանդակությունը»,-ասաց դեսպանը: Ի դեպ, իտալական կինոն և իտալացի գործիչներն անմասն չեն մնա այս տարվա «Ոսկե ծիրան»-ից, իսկ թե ինչի մասին է խոսքը՝ փառատոնի կազմակերպիչները կհայտնեն առաջիկայում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
445 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին