211652_close_icon
views-count40865 դիտում article-date 18:56 16-05-2019

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. Արզնի-Շամիրամ ջրատարի վնասման պատճառով ջուրը ողողել է գյուղացիների ցանկատարածությունները՝ պատճառելով միլիոնների վնաս. Արագածոտնի մարզպետարանն ու Ջրպետկոմը «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ինչպես մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բյուրական գյուղի տարածքում գտնվող այգեգործական ընկերությունների մի քանի բնակիչներ առավոտյան ժանը 7-ին այցելելով իրենց կողմից խնամվող այգեգործական տարածքներ, ականտես են եղել, որ ողջ ցանկատարածությունները պատված են ջրով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Լուսաբացին այցելեցինք մեր կողմից խնամվող այգիներ, որպեսզի սկսենք հողի մշակման աշխատանքներ, սակայն ականտես եղանք մի իսկական աղետի: Արզնի- Շամիրամ ջրատարի որոշ հատվածների վնասման պատճառով ջուրը մի քանի կլիլոմետր ողջ գիշեր հոսել ու մինչ այժմ հոսում է դեպի մեր ցանկատարածություններ: Ողջ բերքը, որ պետք է տարվա վերջին հավաքեինք, այլևս պիտանի չէ: Ջուրը իր սև գործն արել է: Դիմել ենք Արագածոտնի մարզպետարան , Ջրպետկոմ, սակայն ի զարմանս մեզ, անհասկանալի պատախաններ են մեզ տալիս: Ասում են՝ դիում գրեք: Տո այ խելոքնե՛ր, դիմում գրելով հարց չի լուծվի: Ջրամբարի որոշ հատվածների վնասման պատճառով ջուրն անխնա հոսում է: Եթե 1 ժամվա համար ջուր խնդրենք, կսարքեն Հայոց հարցը՝ թե ջուր չունենք: Մարդ ինչքան պետք է անխիղճ լինի, մարդ ինչքան պետք է չսիրի իր բնակչին, որ մեր ահազանգերը անտերության մատնեն: Մինչև դուք դիմումի հարցը քննարկեք, չի բացառվում՝ ջրատարի նշված հատվածը փլուզվի ու ողջ ջուրը ողողի մի քանի գյուղեր: Դժվար բան չենք առաջարկում, ժալյուզները փակեք ու վերանորոգեք ջրատարի վնասված հատվածը և խնդիրը կլուծվի: Պոմիդորի, լոբու և այլ գյուղատնտեսական մշակաբույսերի սածիլներ վարկերով ենք գնել ու մի քանի ժամվա ընթացքում որոշ վայ պաշտոնյաների մեղքով մեր եղածը գնաց կորավ: Ո՞վ է փոխհատուցելու, ումի՞ց ենք պահանջելու, որպեսզի մեր վնասը վերականգնեն, հետո էլ կառավարությունն ասում է՝ Զարկ տանք գյուղատնտեսությանը: Եթե էս ձևի է զարգանալու գյուղատնտեսությունը, վա՛յ ձեզ: Ուզում ենք, որպեսզի այս մասին տեղեկանա վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու հետևություններ անի, թե ինչպիսի «ջուրը տարած» մարդկանց է պաշտոնների դնում: Եթե գործին գիտակ ու գյուղացու վերքին սպեղանի դնող մարդիկ լինեին կադրերը, հիմա առավոտ շուտ ջրի հոսքը դադարեցրել էին ու սկսել էին թերությունների վերացման աշխատանքներ իրականացնել, բայց հույս չունենք էլ, թե էդ կաբինետում նստած, թափանները լցնող պաշտոնյաները երբ են նստատեղերը բազկաթոռների միջից դուրս բերելու ու գան էստեղ, պռոբլեմը լուծեն: Ո՛չ Արագածոտնի մարզպետի վրա ենք հույսներս դնում, ո՛չ էլ Ջրպետկոմի: Նշված կառույցները իրար բերան թքած նույն բանն են ասում՝ դիմում գրեք: Երևի ճիշտ կլինի ինքներդ դիմում գրեք ու հեռանաք ձեր պոստերից, փոխարենը վարչապետը կնշանակի այնպիսի կադրեր, ովքեր իրենց գործի նվիրյալ են ու մեր վերքին դարման կլինեն»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ջուրը անխնա մեծ քանակի հոսում ու կորում է աննպատակ, իսկ Արագածոտնի մարզպետարանից ու կառավարության համապատսխան կառույցներից ոչ մի ներկայացուցիչ չի փորձել այցելել դեպքի վայր և տեղում լուծում տալ այս թնջուկին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր