Գթասրտությունն ու ժպիտը երբեմն շատ ավելին կարող են անել. Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։
Ուղերձում ասվում է. «Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է, որը լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու բուժաշխատողներին՝ իրենց ամենօրյա ծանր ու պատասխանատու աշխատանքի համար։
Սիրելի բուժքույրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը,
կարևոր է Ձեր առաքելությունը՝ գթասրտությունն ու ժպիտը երբեմն շատ ավելին կարող են անել։ Դժվար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, քանի որ այս փոխկապակցված աշխատանքն է փրկում կյանքեր։
Միաժամանակ, շատ կարևոր է բուժքույրությունը Հայաստանում որպես առանձին մասնագիտություն զարգացնելը, որի ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում։
Մնացեք միշտ ամուր և հիշեք՝ այս բարդ և դժվարին ոլորտն առանց Ձեզ լիարժեք չի լինի»։