Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կօգնի «լուծումներ» գտնել ԼՂ հարցում. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳ նախարարությունը մեկնաբանություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման մասին Բիշքեկյան արձանագրության՝ ուժի մեջ մտնելու 25-ամյակի առթիվ: Այս մասին հաղորդում է [url=https://rusarminfo.ru/2019/05/10/rossiya-pomozhet-armenii-i-azerbajdzhanu-v-poiske-razvyazok-mid-rossii/]Rusarminfo[/url]-ն:
«ԼՂ հակամարտության կարգավորումը բարդ գործընթաց է: Այն անկումներ ու թռիչքներ է ունենում: Հակամարտության կարգավորման բոլոր առանցքային հարցերում ընդհանուր հայտարարի գալու համար ժամանակ է պահանջվում և հակամարտության մասնակիցների քաղաքական կամքը:
Մենք տեսնում ենք կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համատեղ աշխատանքը՝ ուղղված կայուն խաղաղության ձեռքբերմանը: Այս մասին են մասնավորապես վկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում վերջերս կայացած հանդիպման և Մոսկվայում երկու երկրների ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքները»,- ասված է հայտարարության մեջ:
ՌԴ արտաքին գերատեսչությունը նաև ընդգծել է, որ Մոսկվան, իր հերթին, «կշարունակի ակտիվ աջակցություն ցուցաբերել Երևանին և Բաքվին ԼՂ հարցում փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում, հետևողական միջնորդական ջանքեր գործադրել՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին»: