2523 դիտում
15:21 10-05-2019
Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման պատժաչափերը կփոխվեն
Կառավարության այսօրվա նիստում Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին նախագիծը:
Դրանով առաջարկվում է բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման պատժաչափերը փոխել՝ կովկասյան ընձառյուծի որսի կամ ոչնչացման համար նախկին 3 մլն դրամ տուգանքը դարձնել 100 մլն դրամ:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը: Դեռևս 2002 թվականից սկսած բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն (WWF Armenia) իրականացնում են կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիր։ Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի, ինչպես նաև նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը:
ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադառնալով խնդրին նկատեց, որ 100 մլն տուգանքը ոչ բոլոր ապօրինի որսորդները կկարողանան վճարել, հետևաբար՝ նրանց պետք է բանտ նստեցնել: Վարչապետը դրան հակադարձեց, թե հենց բարձր տուգանքները պետք է մարդկանց հետ պահեն նման որսագողությունից:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդես եկավ առաջարկով. «Եկեք առհասարակ որսը երեք համ կինգ տարի արգելենք Հայաստանում: Ես, լինելով նախկինում շատ ակտիվ որսորդ, արդեն մոտ յոթ տարի է՝ չեմ գնացել որսի ու միշտ խոսում եմ դրա մասին: Եկեք արգելենք առհասարակ որսը», - ասաց Արթուր Վանեցյանը՝ առաջարկելով այդ համատեքստում ժամանկավորապես արգելել նաև որսորդական փամփուշտների ներմուծումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ԱԱԾ տնօրեին, նշելով, որ դրա նման ինչ-որ մի բան պետք է անել. «Ինչու եմ ասում դրա նման, որովհետև գաղափարը շատ լավ, շատ ճիշտ գաղափար է, ուղղակի էլի եմ ասում, մենք պետք է շատ լուրջ ուսումնասիրենք: Հիմա եթե ձեր առաջարկն ի գիտություն ընդունենք, պետք է խնդիրը բազկամողմանի նայել: Մենք ունենք բացառիկ հարստություն, բայց դրա մի մասը գտնվում է ոչնչացման եզրին», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հասկանում է Վանեցյանի մտահոգությունը, որովհետև, երբ մարդը դուրս է գալիս որսի, ինչ դեմը դուրս է գալիս, խփում է:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ որսի առումով մշակութաբանական խնդիր էլ կա. «Ամեն շարժվող բանի վրա կրակելու կուլտուրան գոյություն ունի: Ես դա գիտեմ իմ ծննդավայրում տրամաբանության և մտածողության առումով: Փառք Աստծո, ոչ մի կենդանու վրա չեմ կրակել, ոչ մի շարժվող բանի վրա չեմ կրակել: Մարդու վերաբերմունքից կենդանու նկատմամբ կարելի է հետևություններ անել, թե մարդը ինչպես է վերաբերվում մարդուն: Շատերն ասում են՝ դե, կատու է, էլի: Իրականում այդպես չի: Չնայած ասեմ, որ օրինական որսը դատապարտելի չեմ համարում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
1591 դիտում
17:12 19-01-2015
Կենդանական և բուսական յուղերի թանկացում է գրանցվել. վիճակագրություն
1649 դիտում
19:30 16-02-2015
Կենդանական և բուսական յուղերի գնաճ է գրանցվել. վիճակագրություն
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»