211652_close_icon
views-count3976 դիտում article-date 13:01 09-05-2019

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի: Նախագահ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը, պատերազմի վետերանները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության ու խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Հանդիսավոր միջոցառման մասնակիցները դիտել են նաև ՀՀ զինված ուժերի և ՌԴ ռազմաբազայի զինծառայողների հանդիսավոր քայլերթը: Հանրապետության նախագահն այնուհետև այցելել է տոնի առթիվ զբոսայգում ավանդաբար կազմակերպվող դաշտային խոհանոց և շնորհավորել զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին: Լրագրողների հետ զրույցում, խոսելով օրվա խորհրդի և նշանակության մասին, նախագահ Սարգսյանն ասել է. «Մեր հաղթանակներն առանձնահատուկ են, որովհետև դրանք մեր ազգային հաղթանակներն են: Եթե 100 տարի հետ գնանք և անդրադառնանք Սարդարապատի, Բաշ Ապարանի, Առաջին հանրապետությանը նախորդող հաղթանակներին, ապա կտեսնենք, որ դրանք ազգային հաղթանակներ են, որովհետև մարտնչում էր ոչ միայն հայոց բանակը, այլև ողջ ժողովուրդը: Ճիշտ նույնն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նույնը կատարվեց նաև Արցախյան ազատամարտի, ապրիլյան պատերազմի ժամանակ»: «Վտանգի պահին մեր ողջ ժողովուրդը համախմբվում է՝ թիրախը դարձնելով հաղթանակը: Եվ սա շատ կարևոր փաստ է»,-ընդգծել է Հանրապետության նախագահը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր