2018 թ. նախորդ տարվա համեմատ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել է 2.3 տոկոսային կետով. Նիկոլ Փաշինյան
Կառավարության պարտքի նվազեցման ծրագրի ներդրման արդյունքում 2018 թվականին նախորդ տարվա համեմատ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել է 2.3 տոկոսային կետով՝ կազմելով 51.4%:
Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հավելեց, որ Համաշխարհային բանկի «Doing Business 2019» զեկույցում Հայաստանը 190 երկրների շարքում արձանագրել է դիրքի առաջընթաց 6 կետով՝ 47-րդից բարձրանալով 41-րդ տեղը:
Նշեց նաև, որ «Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը 2018թ. արդյունքներով առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը և հայտնվելով 61-րդ հորիզոնականում:
«Մամուլը Հայաստանում ազատ է, քան երբեւէ: Ըստ Freedom House միջազգային կազմակերպության «Համացանցի ազատության մասին 2018թ.» (Freedom on the Net) զեկույցի՝ Հայաստանը գրանցել է զգալի առաջընթաց` «մասամբ ազատ» երկրների շարքից անցում կատարելով «ազատ» երկրների շարք (դիտարկված 66 երկրների շարքում Հայաստանն այն 19 երկրներից է, որտեղ համացանցի ազատությունը գրանցել է նշանակալի առաջընթաց): The Economist հանդեսի կողմից Հայաստանը ճանաչվել է տարվա երկիր»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: