«Հայ-արգենտինական միջխորհրդարանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ». Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայարգենտինական հարաբերությունների զարգացման հնարավորություններին՝ այս համատեքստում կարեւորելով խորհրդարանական փոխգործակցության դերը:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հայ-արգենտինական միջխորհրդարանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, եւ հայկական կողմը պատրաստ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Արգենտինայի խորհրդարանի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման համար:
Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է երկու պետությունների օրենսդիր մարմիններում բարեկամության խմբերի արդյունավետ եւ փոխգործակցային գործունեությունը` հույս հայտնելով, որ այս
ձեւաչափում ավելի ակտիվ համագործակցությունը կարտացոլի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են նաեւ ավելի սերտ փոխգործակցության կարեւորությունը, մասնավորապես տնտեսական, մշակութային ոլորտներում, ինչպես նաեւ կապերի խթանումը զբոսաշրջության զարգացման ոլորտում: