Գործադիրը որոշեց պետական գույքի հաշվառման համակարգը փաստաթղթայինից դարձնել էլեկտրոնային
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ պետական գույքի հաշվառումը փաստաթղթային ձևից կդարձվի էլեկտրոնային: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Նախատեսվում է կարգավորել պետական գույքի հաշվառումը էլեկտրոնային ինտեգրացված համակարգի եղանակով իրականացնելու ընթացակարգը, ներկայումս այն փաստաթղթային է: Առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը, այդ թվում սահմանելով հաշվառման ենթակա գույքի ներկայացվող բնութագրիչները և տեղեկատվության կազմը:
Արդիական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ կկատարելագործվեն պետական սեփականություն համարվող գույքի հաշվառման և գրանցամատյանի վարման համակարգը, կբարելավվի հաշվառման օպերատիվությունը և կբարձրանա հավաստիության մակարդակը, ինչպես նաև կավելանա համակարգից օգտվողների թվաքանակը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը: