1403 դիտում
12:41 24-04-2019
Հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, որում ասվում է.
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։
Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Մեզ հետևողականորեն զրկել են այն հողից, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել և զարգանում էր հայկական մշակույթը, հայկական ինքնությունը: Երկրի երեսից ջնջվել է հայկական ինքնությունը կազմող մշակութային ժառանգությունը՝ հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր: Ոչնչացվել են հայկական մշակույթի էության կրողները՝ նրա մտավորականությունն ու հոգևորականությունը: Դա հսկայական հարված էր ոչ միայն հայ ժողովրդին, նրա մշակույթին ու նրա մշակութաբանական տեսակին, այլ նաև մարդկային ողջ քաղաքակրթությանը: Անդառնալիորեն կորել է համաշխարհային մշակույթի մաս կազմող մի ուրույն և ինքնատիպ շերտ: Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությանբ անդառնալիորեն փոխվել է մի ողջ տարածաշրջանի մշակութային պատկերը։ Մի՞թե սա հանցագործություն չէր մարդկության դեմ։
Ոճրագործը ոչնչացրեց մեր պոետներին՝ նրանց, ովքեր կազմում էին մեր խիղճը, մեր ինքնության առանցքը։ Ուստի մեր շարունակական պայքարը մեր էության, մեր տեսակի պահպանության համար է։ Մոռանալով նրանց հիշատակը, մոռանալով նրանց մշակութային ժառանգությունը՝ մենք կդավաճանենք մեր էությանը։ Նրանց հիշատակը վառ պահելով, պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն։ Ուստի մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»:
Նմանատիպ նյութեր
1495 դիտում
15:53 21-03-2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
Այս բաժնից
724 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
805 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ