211652_close_icon
views-count2520 դիտում article-date 09:26 24-04-2019

Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ «Ամերիկայի ձայն»

Շատերը գիտեն, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ երկրի գործող նախագահը «Հայոց ցեղասպանություն» եզրն օգտագործել է մեկ անգամ 1981-ին. դա ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռեյգանն էր: Սակայն, բոլորը չէ, որ տեղյակ են՝ այդ հռչակագրի հեղինակը Սպիտակ տան աշխատակից Քենեթ Խաչիկյանն էր, ում նախաձեռնությամբ Ռոնալդ Ռեյգանին առաջարկվել էր նախագահական հռչակագրի մեջ ներառել Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը: Հայրս ու մայրս՝ ցեղասպանությունից փրկված հայեր էին, ուստի, հայկական ինքնությունը միշտ կարեւոր դեր է ունեցել իմ կյանքում, [url=https://www.amerikayidzayn.com/a/4888927.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին պատմում է Խաչիկյանը. «Ես մեծացել եմ ամուր հայկական ընտանիքում: Հայրս ծնվել էր Ֆրեզնոյում, մորս ծնողները ծագումով խարբերդցի են, իսկ հայրս Չոմախլու գյուղից էր, որը Կեսարիայում է: Նրան հաջողվել էր փրկվել ցեղասպանությունից»: Մանկությունը Քենեթ Խաչիկյանն անց է կացրել ֆերմայում՝ «իրականում մենք ուղղակի գյուղացի էինք» կատակում է նա. «Հայկական ինքնության հիմնական հատկությունը, որն իմ մեջ առանձնահատուկ է տպավորվել, աշխատասիրությունն է: Մենք ֆերմա ունեինք շուրջ 60 ակր հողատարածքով, որտեղ աճեցնում էինք ընկույզ ու խաղող, չամիչ էինք պատրաստում: Սակայն, կար եւս մի կարեւոր հատկություն. Հայերն իրենց երեխաներին միշտ փորձում են լավ կրթություն տալ»: Հենց այդ հատկությունն էր, որ օգնեց երիտասարդ Քենեթ Խաչիկյանին Կալիֆոռնիայի ֆերմայից հայտնվել Նյու Յորքի իրավունքի դպրոցում. «Ես Նյու Յորքում իրավունքի դպրոցի ուսանող էի եւ նամակ գրեցի այն ժամանակ նախագահի թեկնածու Ռիչարդ Նիքսոնին, ասելով, որ ցանկանում եմ աշխատել ձեզ մոտ, օգնել ձեր քարոզարշավին, ցանկանում եմ օգնել ձեզ նախագահ ընտրվել: Այդ ժամանակ 23 տարեկան էի, եւ նրանք համաձայնեցին ինձ աշխատանքի ընդունեցին որպես օգնական: 1968 թականն էր, եւ ես, մնալով ուսանող, նաեւ սկսեցի աշխատել նրանց մոտ՝ տարբեր տեքստեր էի գրում, տեղեկություններ հայթայթում: Այնուհետեւ քարոզարշավն ավարտվեց, նա հաղթեց, իսկ ես վերադարձա համալսարան: Ավարտելուց հետո, երբ անցա իրավաբանական քննությունը, ես Վաշինգտոն վերադարձա եւ 1970 թվականից սկսեցի աշխատել Սպիտակ տանը որպես հասարակության հետ հարաբերությունների մասնագետ, 1973-ից արդեն աշխատում էի նախագահ Նիքսոնի մոտ որպես ելույթների հեղինակ, իսկ երբ նա հրաժարական տվեց, ես նույնպես դուրս եկա Սպիտակ տնից եւ շարունակեցի աշխատել նրա հետ: Հաջորդ չորս տարիների ընթացքում իրեն օգնում էի հուշերի գիրքը կազմել, իսկ երբ գիրքը հրատարակվեց, անցա մասնավոր աշխատանքի»: Քիչ անց Խաչիկյանին աշխատանքի է հրավիրում Ռոնալդ Ռեյգանը. «Նա նախագահի պաշտոնին էր հավակնում եւ նրանց անհրաժեշտ էր ելույթներ պատրաստող, ով կճանապարհորդեր նրա հետ քարոզարշավի ընթացքում, եւ ես համաձայնեցի: Մեր միջեւ շատ սերտ անձնական հարաբերություններ հաստատվեցին, մենք շատ լավ էինք աշխատում միասին, ուստի, երբ նա հաղթեց, ինձ Սպիտակ տուն աշխատանքի հրավիրեց որպես նախագահի ելույթների նախապատրաստման բաժնի ղեկավար»: Ռոնալդ Ռեյգանի հետ իր աշխատանքով Քենեթ Խաչիկյանը հպարտանում է մինչ այսօր: Ասում է՝ Ռեյգանը եզակի էր, միշտ հավատարիմ իր համոզմունքներին ու բարոյական արժեքներին: Հայոց ցեղասպանության եզրը նախագահ Ռեյգանի հռչակագրի մեջ ներառելու նախաձեռնությունը Խաչիկյանինն էր, սակայն, այն քննարկվել, այնուհետեւ՝ հրապարակվել է որպես Սպիտակ տան քաղաքական որոշում. «Ամեն տարի նախագահը հռչակագիր է հրապարակում հրեաների ողջակիզման վերաբերյալ: 1981-ին ես որպես նախագահի ելույթների պատրաստման բաժնի ղեկավար գրում էր Ողջակիզման վերաբերյալ հռչակագիրը եւ ինձ համար տրամաբանական էր հռչակագրում նշել «Հայոց ցեղասպանություն» եզրը: Սակայն, քանի որ ինքս հայ եմ, ճիշտ համարեցի այդ հռչակագիրը քննարկել նախագահի Անվտանգության հարցերով խորհրդականի հետ, մատնանշելով, որ ներառել եմ Հայոց ցեղասպանություն եզրը նախագահի հռչակագրում: Նրա պատասխանը միանշանակ էր»: «Սա իրական է, ճի՞շտ է: Ուստի, եթե իրական է, որեւէ խնդիր չկա: Այսպիսով, ես տարա հռչակագիրը նախագահին, նախագահ Ռեյգանն այն ստորագրեց»:

Նմանատիպ նյութեր