5443 դիտում
10:49 24-11-2018
Այս հայի շնորհիվ նախագահ Ռեյգանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․ «Ամերիկայի ձայն»
Քենեթ Խաչիկյանը եզակի մարդ է: Նա աշխատել է Միացյալ Նահանգների երեք նախագահների հետ՝ եղել նախագահներ Նիքսոնի, Ռեյգանի, և Բուշ-ավագի վարչակազմի անդամ: Ամենակարևորը՝ հենց նա է հեղինակել նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981 թվականի հայտնի հռչակագիրը, որտեղ ԱՄՆ-ի գործող նախագահը առաջին և առայժմ վերջին անգամ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4671699.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Իր աշխատանքով Խաչիկյանը հպարտանում է, ասում է՝ հոգու կոչն էր, ավելացնելով Ցեղասպանությունից փրկված կեսարացի հայրն ու խարբերդցի մայրը նույնպես հպարտ կլինեին: Իր աշխատանքը Քենեթ Խաչիկյանը սկսել է դեռևս Ռիչարդ Նիքսոնի թիմում.
«Երբ Նյու Յորքում իրավաբանական դպրոցում էի սովորում, այն ժամանակ թեկնածու Նիքսոնին նամակ գրեցի՝ ցանկանալով օգնել իր նախընտրական թիմին: 1968 թիվն էր, 23 տարեկան էի: Ինձ ընդունեցին որ օգնեմ ելույթներ գրել, հետազոտություններ անեմ»:
Նիքսոնի հաղթանակից հետո Խաչիկյանը վերադառնում է համալսարան, ավարտում և արդեն 1970-ին աշխատանքի անցնում Սպիտակ տանը: Սակայն, երբ Ռիչարդ Նիքսոնը որոշում է հրաժարական տալ, հենց Քենեթ Խաչիկյանին է խնդրում օգնել իրեն նախապատրաստել հուշերի տպագրությունը: Այնուհետև, տեղեկանալով որ նախագահի թեկնածու Ռոնալդ Ռեյգանին անհրաժեշտ է ելույթներ նախապատրաստող մասնագետ, Խաչիկյանն անցնում է Ռեյգանի մոտ աշխատանքի.
«Ես և նա այնքան սերտ անձնական հարաբերություններ էինք հաստատել, այնքան լավ էինք աշխատում միասին, որ հաղթանակից անմիջապես հետո Ռեյգանն ինձ Սպիտակ տուն է կանչում՝ աշխատելու իր ելույթների նախապատրաստման բաժնի ղեկավար»:
Հարաբերություններ, որ անփոփոխ մնացին տասնամյակներ շարունակ: Ռոնալդ Ռեյգանի մասին իր նախկին աշխատակիցն ասում է՝ եզակի մարդ էր, հաճելի և միաժամանակ անսասան բարոյական արժեքներով: Իր համոզմունքներին երբեք չէր դավաճանում: Հայերեն Ռեյգանի նկարագիրն ավելի հակիրճ է.
«Անչափ անուշ մարդ էր»:
Հայոց ցեղասպանություն եզրը Ռեյգանի հռչակագրի մեջ ներառելու նախաձեռնությունն իրենն էր, հիշում է Քենեթ Խաչիկյանը, ավելացնելով, ցեղասպանության ճանաչման վերջնական որոշումը Ռեյգանինն էր.
«Որպես նախագահի ելույթների պատրաստման բաժնի ղեկավար, ես գրում էր Ողջակիզման վերաբերյալ հռչակագիրը և ինձ համար տրամաբանական էր հռչակագրում նշել «Հայոց ցեղասպանություն» եզրը: Սակայն, քանի որ հայ եմ, ճիշտ համարեցի ցույց տալ այդ հռչակագիրը նախագահի Անվտանգության հարցերով խորհրդականին, մատնանշելով, որ ներառել եմ Հայոց ցեղասպանություն եզրը նախագահի հռչակագրում: Նրա պատասխանը միանշանակ էր՝ սա իրական է, ճի՞շտ է: Ուստի, եթե իրական է, որևէ խնդիր չկա: Այսպիսով, ես տարա հռչակագիրը նախագահին, նախագահ Ռեյգանն այն ստորագրեց, և այդպես ցեղասպանությունը ճանաչվել էր»:
Այսօր պարզ հնչող պատմությունն իրականում շրջադարձային քայլ էր, հիշում է Արամ Բախշյանը, ով նույնպես աշխատել էր նախագահներ Նիքսոնի, Ռեյգանի և Բուշի աշխատակազմում.
«Դա ամերիկահայ մարդու քայլ էր, ով հսկայական փոփոխություն կատարեց»:
Քենեթ Խաչիկյանի խոսքով, Ռեյգանից հետո Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ-ի նախագահները չեն ճանաչում՝ տեղիք տալով Պետքարտուղարության և Պենտագոնի դիրքորոշմանը, որոնց անհանգստացնում է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման հնարավորությունը: Անհանգստություններ, որոնք Խաչիկյանը չի կիսում.
«Իրականում, ինչպես տեսաք, երբ Ռեյգանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ոչինչ տեղի չունեցավ, աշխարհը շուռ չեկավ: Իրականում, կարծում եմ ամերիկյան դիվանագետները պետք է նստեն և ասեն Թուրքիային՝ լսե՛ք, այս հարցը պետք է ճանաչել , չէ՞ որ դա անձամբ դուք չեք կատարել, դա ձեր սերունդը չի կատարել, Էրդողանը չի կատարել: Ճանաչե՛ք այս հարցը»:
Նմանատիպ նյութեր
2517 դիտում
09:26 24-04-2019
Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ «Ամերիկայի ձայն»
6102 դիտում
10:53 07-11-2017
ԱՄՆ Ինդիանա նահանգը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2218 դիտում
08:54 07-12-2024
Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»