211652_close_icon
views-count1488 դիտում article-date 10:52 18-04-2019

Ամենավտանգավորը ճահիճն է՝ կրավորական մարդիկ, որոնք ոչինչ չեն ձեռնարկում, բայց փնթփնթում են, բողոքում, տրտնջում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ներկայիս հասարակական-քաղաքական բառապաշարում ամենահաճախ կիրառվող բառերից են «զոմբին» և «սաբոտաժը»: Դրանք իմ գիտակցության մեջ տպավորվել են ոչ այնպես, ինչպես հիմա են կիրառվում: «Զոմբին» ինձ համար գիշերը գերեզմանից դուրս եկող հանգուցյալ է՝ ամերիկյան «սևհումորային» ֆիլմերի հերոսը: «Սաբոտաժնիկներն» իմ ընկալմամբ բոլշևիկյան քարոզչության կերպարներ են՝ թե՛ «կուլակներն» են, որոնք իրենց ամբարներում թաքցնում էին ցորենը ՝ չցանկանալով այն հանձնել կոլխոզին, թե՛ ցարական Ռուսաստանից մնացած մասնագետներն են, որոնք երազում են ցարիզմի վերադարձի մասին, թե՛ անգամ «բուրժուական ինտիլիգենտները», որոնք չեն հասկանում հեղափոխության ողջ հմայքը: «Զոմբի» բառի արդի հայկական իմաստը խիստ տարբերվում է «հոլիվուդյան» ընկալումից: Այդպես էին կոչում 2008 թվականից սկսած Տեր-Պետրոսյանի ֆանատներին, որոնք մնացած բոլոր քաղաքացիներից պահանջում էին իրականությունն ընկալել և բնութագրել ճիշտ այնպես և ճիշտ այն բառերով, ինչպես իրենք են ընկալում և բնութագրում: 2018-ին նրանց միացան Փաշինյանի երկրպագուները, որոնք այնքան են բոցավառված հեղափոխությունից, որ փրփուրը բերանին արդարացնում են իշխանության ցանկացած քայլ և «պատռում են» բոլոր այն մարդկանց «դիմակները», որոնք համարձակվում են որևէ թերություն նկատել: «Զոմբի» բառն այդպիսով հիմա օգտագործում են ներկայիս իշխանության ընդդիմախոսները: «Սաբոտաժնիկի» կերպարը, հակառակը՝ կերտում են իշխանությունները և նրանց կողմնակիցները: Ըստ այդմ, դրանք այն մարդիկ են, հիմնականում պետական ծառայողներ, որոնք անօրինական եկամուտներ ունեին նախորդ իշխանության ժամանակ (օրինակ, կաշառք էին վերցնում), իսկ հիմա այդ ամենից զրկվել են, դժգոհ են այդ հանգամանքից և հիմա միտումնավոր վատ են աշխատում: Պետք է ասել, որ մեզանում գոյություն ունեն և՛ «զոմբիներ» (ընդդիմության ընկալմամբ), և՛ «սաբոտաժնիկներ» (իշխանության ընկալմամբ): Բայց նախ՝ պետք է հաշվի առնել, որ առաջին խումբը մշտական չէ, նվազման միտումներ ունի՝ այդպես կլինի, նույնիսկ եթե իշխանությունները հոյակապ աշխատեն: «Սաբոտաժ անողները» նույնպես կպակասեն, երբ կհասկանան, որ իրենց ջանքերն ապարդյուն են՝ վստահ եմ, որ դա էլ է ամիսների հարց: Երկրորդ՝ պետք չէ կպցնել «զոմբիի» կամ «սաբոտաժնիկի» պիտակ բոլոր այն մարդկանց, որոնք ձեզ դուր չեն գալիս: Բայց առավել կարևոր հանգամանքն այն է, որ այդ երկու կատեգորիաները չեն, որ ամենամեծ վտանգն են ներկայացնում մեր պետության համար: Ամենավտանգավորը ճահիճն է՝ կրավորական, անգործունյա մարդիկ, որոնք ոչ մի բան չեն ձեռնարկում, բայց միշտ իշխանությունից ինչ-որ բան են սպասում և մշտապես փնթփնթում են, բողոքում, տրտնջում: Հիմա էլ նրանց «լեյտմոտիվն» է դարձել՝ «Է~հ, Նիկոլն էլ էս երկիրը չդզեց» հոգոցը: Եթե ուզում եք իմանալ, ամենամեծ «զոմբիությունն» ու «սաբոտաժը» նման մտածելակերպն է: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր