211652_close_icon
views-count1452 դիտում article-date 21:30 17-04-2019

Հայաստանը ներկայացրել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի տնօրենի պաշտոնի իր թեկնածուին

Ապրիլի 17-ին արտաքին գործերի նախարարությունը Հայաստանում հավատարմագրված եվրոպական տարածաշրջանային երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրված թեկնածու Թաթուլ Հակոբյանին: Հանդիպման ընթացքում ՀՀ թեկնածուի առաջադրմանը անդրադարձան ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մանրամասն ներկայացնելով առաջադրման հիմնավորումները և թեկնածուի մասնագիտական որակները: Արտակ Ապիտոնյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի գործունեությանը միջազգային կազմակերպություններում և ՀՀ կողմից տարբեր մարմիններում և պաշտոններին թեկնածությունների առաջադրման պատմությանը և գալիք ծրագրերին: Փոխնախարար Ապիտոնյանը կարևորեց Հայաստանի համագործակցությունը մասնագիտացված կառույցների՝ մասնավորապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Իր խոսքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ առողջապահության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև՝ ԱՀԿ շրջանակներում համագործակցության օրակարգին: Նախարար Թորոսյանը ներկայացրեց ՀՀ թեկնածու Թաթուլ Հակոբյանի անցած մասնագիտական երկարատև ուղին: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրված թեկնածու Թաթուլ Հակոբյանը ներկաներին ներկայացրեց իր տեսլականը և ծրագրերը ԱՀԿ եվրոպական գրասենյակի հետագա գործունեության և առաջարկվող փոփոխությունների ուղղությամբ: Նա պատասխանեց ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հետաքրքրող հարցերին: Տեղեկանք․ Թաթուլ Հակոբյանը 2002-2010թթ. զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2011թ.-ից աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համակարգում, իսկ 2017թ.-ից հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը Սլովակիայում:

Նմանատիպ նյութեր